Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/146

Այս էջը հաստատված է

826 Ասում. «Արև, որիդ պատկեր ասին իբրև լույս գիշերի,
Մի էության՝ մի արարչի, անժամանակ, անհուն, անծնի,
Որիդ իրոք ակնթարթում՝ երկնայիններն հնազանդում,—
Մի՝ կործանիր բախտս մինչև՝ իմ ու նրա նոր հանդիպում։

827 Դո՛ւ, ում նախնի փիլիսոփայք անվանեցին աստծու պատկեր,
Օրհնի՛ր դու ինձ՝ գերի եմ ես, կապել են ինձ կուռ շղթաներ.
Բյուրեղ ու լալ որոնողս՝ կորցրել եմ մինա ու սաթ,
Մոտիկ էի և՝ անհամբեր, այժմ՝ հեռու տանջանքաշատ»։

828 Այսպես ողբում, այրվում էր նա, մեղրամոմի նման հալվում,
Ուշանալու երկյուղի տակ՝ շտապ առա՛ջ էր սլանում.
Գիշերն էր երբ վրա հասնում՝ հիանում էր նա աստղերով,
Իր սիրածին նմանեցնում՝ խնդում, նայում մերթ խոսելով։

829 Լուսնին ասում. «Երդում արա դու անունով քո աստծո,
Սիրողներին դու ես տալիս սիրահարի ցավը սիրո,
Եվ դու ունես դեղ դրա դեմ՝ համբերելու, դիմանալու,
Օգնիր նորեն՝ տեսնեմ նրան, ով քո հանգույն լույս է տալու»։

830 Գիշերն սփոփ, զորը՝ հեծող, նոր մայրամուտ էր սպասում,
Ջուր տեսնելիս՝ ձիուց իջնում, կոհակները դիտում բազում,
Խառնում էր նա ալիքներին իր աչքերի վտակն արյան,
Ապա նորից ձի էր հեծնում, շարունակում իր իսկ ճամփան։

831 Նոճու նման հասակ առած գնում էր նա մենակ, ողբում,
ժայռուտներում ու դաշտերում որս էր անում, այծյամ խփում,
Եվ խորովում, ուտում էր նա՝ սրտով արեգն այն լուսներես,
Ասում իրեն. «Վարդս թողի ու մնացի ողբով այսպես»։

832 Ես չեմ կարող մեկ-մեկ պատմել այն կտրիճի խոսքերը ձեզ,
Ի՛նչ էր խոսում, կամ ի՛նչ ողբում, սիրուն խոսքեր շարում ինչպես,
Ձյունը ինչպես ներկում ալով՝ ճանկռած վարդի արյամբ պուտ-պուտ,—
Տեսավ այրերն՝ ուրախացավ ու վեր ելավ՝ այրերն ի մուտ։

833 Լացով ելավ նրա դիմաց՝ Ասմաթը երբ տեսավ նրան,
Այնքան էր նա ուրախացել, որ մոռացավ ամեն մի բան։
Ավթանդիլը իջավ, գրկեց, համբուրում է, հետը խոսում—
Կուրախանա մարդ, իհարկե, գալուստին է երբ սպասում։