Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/150

Այս էջը հաստատված է

ԱՎԹԱՆԴԻԼԸ ԳՏՆՈՒՄ է ՏԱՐԻԵԼԻՆ

856 Այս խոսքերով, լաց լինելով, գնում էր նա տխուր, գունատ,
Ինչ-որ լեռան գագաթ ելավ, տեսավ հովիտ ստվերառատ.
Շամբուտի մեջ տեսավ սևին՝ կանգնած էր նա սանձն արձակած,
Եվ մտածեց. «Տարիել'ն է, նա է իրոք, չկա կասկած»։

857 Տեսնելուն պես սիրտը նրա թրթիռ առավ, դարձավ պայծառ,
Վշտահարի խինդը դարձավ՝ ոչ թե տասը, դարձավ հազար,
Վարդն ավելի պայծառացավ, փայլեց գույնը բյուրեղ-սաթի.
Փոթորկի պես նա ցած վազեց, չհամբերեց, որ լավ դիտի։

858 Ու երբ տեսավ Տարիելին՝ նա անսահման տխրեց հանկարծ.
Տխուր դեմքով ու մերձիմահ Տարիե'լն էր այնտեղ ընկած.
Եվ օձիքը պատառոտած, մազերն ամբողջ փետել-փռել,
էլ չէր զգում նա ոչ մի բան, ոտքը կյանքից դենն էր դրել։

859 Իր մի կողքին՝ ընկած առյուծ, և թուրն ընկած արյունոտած,
Մյուս կողքին վագր անշունչ, սատկած, գետնին էր տապալված.
Ավթանդիլը նայեց, աչքից՝ արտասուքն էր առատ հոսում,
Հրդեհվում էր սիրտը նրա ու բորբոքվում նրա ներսում։

860 Ու սարսում էր աչք իսկ բանալ, գիտակցություն չկար վրան,
Տառապանքից արդեն հեռու, մոտեցել էր մահվան դռան.
Ավթանդիլը բարձր կանչում, ձայն էր տալիս, որ ուշքի գա,
Նա չէր լսում՝ վազեց մոտիկ՝ եղբայրություն նրան ցույց տա։