Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/151

Այս էջը հաստատված է

861 Եվ իր ձեռքով արցունք քամում, աչքը սրբում թևակալով,
Ու կանչում էր՝ նստած մոտիկ, հատ-հատ նրա անուն տալով,
«Չե՞ս ճանաչում,— ասում էր նա,— Ավթանդիլն եմ՝ ես խենթ դառած»,
Բայց նա շշմել ու չէր լսում՝ աչքերը մի կետի հառած։

862 Այսպես եղավ բոլորն ահա, ինչպես հիմա պատմեցի ես.
Քամեց արցո՛ւնքն երբ աչքերի,— փոքր ինչ նրան ուշքի բերեց.
Նա ճանաչեց և համբուրեց, եղբոր նման գրկեց նրան,
Աստված վկա հենց կենարար — մարդ չի ծնվել նրանց նման։

863 Ասաց. «Եղբայր, քեզ չեմ խաբել, արի՝ ինչ որ քեզ խոստացա,
Տեսա նորից, բերանս հոգի, իմ խոստումին հաստատ կեցա,
Այժմ թող ինձ՝ մինչև ի մահ՝ լաց լինեմ ու տամ իմ գլխին,
Բայց թաղել եմ քեզնից խնդրում՝ կեր չդառնամ գազաններին»։

864 Կտրիճն ասաց. «Ի՞նչ ես խոսում, կամ ինչո՞ւ ես չարիք գործում,
Ո՞վ չի եղել սիրահարված, ո՞վ չի այրվել սիրո բոցում,
Ո՞վ է մարդկանց ամբողջ ցեղից այդպիսի բան արել քեզ պես,
Ի՞նչ ես տարվել սատանայով և սպանում կամոք դու քեզ։

865 Թե գիտուն ես՝ գիտունները միաբերան այս են ասել—
«Արին պիտի լինի արի, կարողանա լացը զսպել,
Վշտերի դեմ ամուր մնա, լինի քար ու կրի նման.
Մարդը վշտին տրվում է լոկ գիտակցությամբ իր սեփական։

866 Գիտուն ես դու, բայց գիտունի խոսքով վարվել դու չգիտես,
Գազանների միջին, լացով, քո իղձն ինչպե՞ս կկատարես,
Ու մեռնում ես դու ում ի սեր, թե կյանքն ատես՛ չես գտնելու,
Գլուխդ առողջ ինչո՞ւ կապում կամ վերքում ես վերքդ ինչո՞ւ։

867" Ո՞վ չի եղել սիրահարված, ո՞վ չի այրվել սիրո հնոցում,
Ո՞վ չի կրել նեղություններ, ո՞վ ում համար ուշք չի կորցնում,
Ինչո՞ւ ես դու հոգիդ մաշում, ի՞նչ պատահեց անբնական,
Ու չգիտե՞ս, որ առանց փուշ՝ վարդ չի քաղել ոչ մեկն անգամ։

868 Վարդին ասին. «Այդքան չքնաղ կազմ ու դեմքով քեզ ո՞վ կերտեց,
Ինչո՞ւ ես դու փշոտ սակայն, ինչո՞ւ ցավով ճարեն միշտ քեզ».
Ասաց. «Քաղցրին դառնով հասիր, լավն այն է, ինչ գտնես դժվար.
Սիրունը թե էժան դարձավ՝ չիրի՛ անգամ արժեք մի տար»։