869
Եթե վարդն է այսպես ասում, բույսն այդ անշունչ, փոքրահասակ,
Ո՞վ կհնձի ուրախություն՝ առանց ցավի ու անվաստակ.
Ո՞վ ստացավ առանց փորձանք՝ ինչ որ լավ է և կարևոր,
Տրտնջում ես բախտից ինչո՞ւ, ի՞նչ բան արավ նա անսովոր։
870
Լսիր դու ինձ, գնանք ինձ հետ, հանգիստ կամոք հեծիր քո ձին,
Մի հետևիր դու քո գլխի թե՜ մտքերին, թե՜ խորհուրդին,
Արա, ինչ դու չես ցանկանում, մի հետևիր քո ցանկության.—
Լավ չլիներ, չէի ասի, ես չեմ սիրում կեղծավոր բան»։
871
Ասաց. «Եղբայր, քեզ ի՞նչ ասեմ, չի շարժվում լեզուս անգամ,
Խելահարս չունեմ կարի՝ թե խոսքե՜րը քո հասկանամ.
Հեշտ ես կարծում, ա՜խ, դու ինչո՞ւ, հե՝շտ դիմանալն իմ տանջանքին,
Մոտ է ժամը իմ բերկրանքի՝ հասել եմ ես մահվան շեմքին։
872
Աղոթում եմ մահկանացուս և ոչ երբեք լեզվով խնդրում,—
Սիրողներս այստեղ զատված՝ որ հանդիպենք հանդերձյալում,
Կրկին գտնենք, տեսնենք իրար, ուրախանանք սակավ կրկին,
Իսկ բարեկամք՝ եկեք թաղեք ու հող թափեք դուք իմ շիրմին։
873
Սիրողն ինչպե՞ս իր սիրածին չհանդիպի և ուրանա —
Ես նրա մոտ կերթամ ուրախ, ապա ուրախ ինձ մոտ գա նա,
Դիմավորեմ, դիմավորի, լա ինձ համար, և ես՝ նրա.
Հարյուր մարդուց խորհուրդ դու առ, սակայն սրտիդ ուզածն արա։
874
Բայց իմացիր դու վճռական, ասում եմ քեզ ճշմարիտ բան —
Թող ինձ, քիչ եմ ես ապրելու, մահս արդեն մոտ է այնքան,
Մեռնեմ, ասա, ի՞նչ պիտ անես, թե որ ապրեմ՝ օգնես ինչո՞վ,
Լուծվել են իմ տարրերն ամեն, հոգիների շարքն եմ՝ կարգով։
875
Թե ի՞նչ ասիր, կամ ի՞նչ կասես, ես չեմ լս՛ում, ժամ չմնաց.
Վայրկյանական մի կյանք ունիմ, մահը խենթիս կանգնել դիմաց,
Ունայն դարձավ կյանքս հիմա՝ էլ առավել քան երբևէ,
Ես էլ կերթամ՝ ուր հոսեցին արցունքները իմ հեղեղե։
876
Գիտո՛ւն... ասա՜, ո՞վ է գիտուն, ինչ գիտնություն խելագարից.
Խոսքդ գուցե տեգին լիներ, թե խելք լիներ վրաս նորից.
Արևազուրկ վարդ չի լինի, լինի անգամ՝ կթառամի,
Վշտացնո՜ւմ ես, թող ի՜նձ՝ չէ ժամ, ես ուժ չունեմ համբերումի»։