Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/160

Այս էջը հաստատված է

910 Կռահո՞ւմ է վարդը արդյոք, որ կթոշնի առանց արև,
Կամ մենք գիտե՞նք՝ ինչ կլինի՝ արևն անցնի բլրի ետև,
Սիրտ իմ, լավ է, որ դու տոկաս, դառնաս ամուր ժայռի նման,
Մի սպառվիր, գուցե մի օր՝ դու հանդիպես, տեսնես նրան»։

911 Հանգստացան ու լռեցին, այրվում էին նույն կրակում,
Եվ նրանց հետ մտավ Ասմաթ—նույն հո՛ւրն էր և նրա սրտում.
Գետնին փռեց նույն ընձենին, որ փռել էր մի ժամանակ,
Եվ երկուսով նստած վրան՝ անուշ խոսում էին նրանք:

912 Պատրաստեցին երբ խորոված, ըստ պատշաճի սեղան բացին,
Առանց մեծ-մեծ ամանների, խնճո՛ւյք, էր այդ առանց հացի,
Ու խնդրեցին Տարիելին, բայց նա չուներ ուտելու թափ,
Պատառն ընկնում էր բերանից, հազիվ կերավ դրամի չափ։

913 Դուրեկան է, երբ մարդ մարդու մի դուրեկան բան է ասում,
Երբ նա լսում է ասածը, և ասածն այդ զուր չի՛ կորչում.
Որքան էլ թեժ հուրը լինի՝ այդպես փոքր ինչ կմեղմանա,
Սփոփում է վիշտը պատմել, եթե նա այդ կարողանա։

914 Երկու առյուծ֊հերոսներն այդ՝ գիշերն իրար հետ մնացին,
Խոսում էին նրանք երկար, սրտերն իրար առաջ բացին.
Երբ լուսացավ, իրենց զրույցն սկսեցին նրանք նորից
Ու լսեցին նրանք նախկին խոստում-երդո՛ւմը իրարից։

915 Եվ Տարիելն ասաց. «Եղբայր, շատ խոսելու կարիք չկա,
Ինչ ինձ համար արել ես դու, քեզ փոխարեն աստված կտա
Հարբած մարդու երդում չէ այդ, նա երկնային երդում է մի՝
Չմոռանալն ու սիրելը իր հեռացող բարեկամի։

916 Արդ՝ դեպի ինձ լեր ողորմած, թեժ կրակով ինձ մի այրի,
Ինչ կրակ է այդ ինձ այրում՝ բռնկում չէ կայծաքարի.
Չես մեղմացնի, դու էլ կայրվես — ծես է ինչպես կյանքի կարգո,
Գնա՛, դարձի՛ր, հասի՛ր այնտեղ, ուր արևն է արևում քո։

917 Ով ինձ ծնեց՝ բուժումը իմ նրան էլ է թվում դժվար,
Թե լսում եք՝ և հասկացեք՝ խենթ դաշտ ընկա դրա համար,
Կար ժամանակ՝ անում էի՝ խելոքին է ինչ վայելում,
Հիմա հերթն է հասել խենթի՝ ես խենթերի շա՛րքն եմ մտնում»: