Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/162

Այս էջը հաստատված է

926 Թե ուշացա ժամանակից և այս քարայրն ես ետ չեկա,
Գիտցիր, որ ես կենդանի չեմ, կամ մահամերձ մի տեղ ընկա,
Այս բանը քեզ նշան լինի, ինձ ողբալ ես թե մտադիր,
Այն ժամանակ կուզես՝ խնդա, կուզես՝ վիշտդ բազմապատկիր։

927 Արդ, ինչ ասի՝ դրա համար դու չլինի՛ հանկարծ տխրես,
Ես չգիտեմ՝ ձիու վրա, թե՞ նավի մեջ հանգչեմ պիտ ես,
Չէ, չասելը ազնիվ բան չէ, անասուն չեմ ես մի անբան,
Ես ի՞նչ գիտեմ աստված և կամ շրջվող երկինք ինչ կցանկան»։

928 Պատասխանեց. «Չեմ նեղացնի, էլ չեմ ասի ավելորդ բան։
Գիտեմ՝ դու ինձ չես լսելու՝ երկարացնեմ խոսքս որքան,
Սիրածդ թե քեզ չի լսում՝ կատարիր այն, ինչ կուզենա.
Վերջ ի վերջո՝ ինչ կա ծածուկ, մի օր պիտի հայտնի դառնա։

929 Թե չհավատաս, այնժամ կզգաս, որքան է իմ գործը դժվար,
Թափառել կամ նստել հանգիստ—արդ միևնույն է ողջն ինձ համար։
Ինչ դու ասիր՝ ես այդ կանեմ, թե խենթ հոգիս նեղի անգամ,
Բայց ի՞նչ անեմ՝ թե արւանց քեզ՝ երկար չապրեմ՝ հոգիս ես տամ»։

930 Խոսակցությունն ավարտեցին և իրար մեջ դրին պայման,
Ձիերն հեծան, զբոսնեցին, դաշտում ապա որսի ելան,
Վերադարձան, արտասվալի սիրտը նորից տվին լացին
Միտքը վաղվա անջատումի — այլ ցավ դրեց եղած ցավին։

931 Ընթերցողներ դուք այս երգիս, թող ձեր աչքից արցունք հոսի,—
Ախ, տարաբախտ սիրտն ի՞նչ անի, թե սիրող սի՞րտ նրան թողնի.
Անջատվե՛լը բարեկամից, հեռանա՛լն է մարդ սպանում,
Ով չի փորձել, նա չգիտե՝ այդ օրն ինչքան ծանր է լինում։

932 Երբ լուսացավ՝ ձիերն հեծան և աղջկան հրաժեշտ տվին.
Եվ Ավթանդիլ, Տարիել, Ասմաթ արցունքն աչքի հեղեղ արին,
Երեքի էլ այտերը թաց ծիրանագույն փայլ ստացան.
Իրենք առյուծ՝ վայրի դարձած, ողբով ավե՛լ վայրենացան։

933 Այրից իջան և գնացին ու լաց եղան բարձր ձայնով.
Ասմաթն ասաց. «Հեյ առյուծներ, ով ձեզ գովի և ի՞նչ լեզվով.
Արևն այրեց՝ մոխիր դարձաք, լուսատուներ դուք երկնային,
Վա՛յ անսպառ իմ վշտերին, վա՜յ իմ կյանքի դառն օրերին»։