953
Ահա, վկաս՝ իրենք աստեղք, զոր լուսատու ի վեր տեղյակ,
Եվ Լուսնթագ, Լուսին, Արև, Հրատ նաև ու Երևակ,
Եվ Փայլածուն ու Արուսյակ գլխիս վերև՝ վկայալից,
Կհավաստեն վառվել այսքան՝ անշիջելի սիրո կրակից»։
954
Սրտին ասաց. «Չի ցամաքում արցունքը քո, հերիք ողբաս,
Քեզ սպանե՞ս՝ ի՞նչ շահ կանես՝ սատանայի՞ն եղբայր դառնաս.
Ես էլ գիտեմ՝ ինձ խենթացնողն—սև ծամ հագել՝ սև է դառել,
Բայց թե վշտի՛ն չես դիմանում, ուրախության ի՛նչ դեմն առնել»։
955
Լավ է հարկավ թե ես ապրեմ,— նա իր կյանքին այսպես ասաց,—
Գուցե տեսնեմ իմ արևին, ինչ միտք ունի զուր ողբ ու լաց»։
Եվ հույսերի արցունքներով երգեց բարձր ու քաղցրաձայն.
Սոխակի երգն այդ ձայնի դեմ՝ թվաց բուի կանչի նման։
956
Եվ կտրիճի ձայնով տարված՝ գազաններն են ի լիս գալիս,
Անուշ ձայնից՝ ջրից անգամ քարն է թռչում ու խայտ տալիս,
Ականջ դնում և զարմացած՝ լացին լացով արձագանքում,
Երգում երգեր հուզումնալից—հեղեղի պես արցունքն հորդում։