Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/169

Այս էջը հաստատված է

970 Դաշտի միջին բլուր կար մի, նրա վրա՝ Ֆրիդոն արքան,
Եվ նրա մոտ՝ լավ նետաձիգ քառասունն էլ նրան արժան,
Ավթանդիլը այն կողմ դիմեց և նրա հետ՝ զորք հետևում,
Ֆրիդոնն ապշեց՝ այդ ի՛նչ արին, և իր զորքից էր դժգոհում։

971 Ֆրիդոնը մի ճորտ ուղարկեց, հրամայեց. «Գնա և տես,
Թե զորքն օղակն ինչո՞ւ քանդեց, ի՞նչ են անում կույրերի պես»։
Ճորտը արագ գնաց, տեսավ՝ իրան նորտունկ՝ նոճու նման,
Աչքը շլվեց՝ կանգնած տեղում՝ էլ մոռացավ հարցել մի բան։

972 Ավթանդիլը գլխի ընկավ. «Ի լուր ղրկվա՛ծ է ինձ համար,—
Ասաց,— գնա՛ առ տերը քո և իմ խնդիրն հայտնիր խոնարհ.
Ես մի պանդուխտ մարդ եմ օտար, տնից-տեղից ես հեռացած,
Հոգեղբայրն եմ Տարիելի՝ քեզ տեսնելու այստեղ եկած»։

973 Ճորտը գնաց Ֆրիդոնին իր տեսածը հաղորդելու.
«Տեսա երկնից իջած արև, արև օրվան՝ լույս է տալու,
Խելք կգնա մինչև անգամ՝ նրան տեսնող իմաստունի,
Ասաց. «Եղբայրն եմ Տարիելի, Ֆրիդոնի եկած տեսին»։

974 Երբ «Տարիել» խոսքը լսեց՝ վիշտը նրա հանց հանդարտեց,
Բայց սիրտն հանկարծ խփեց ուժգին և աչքերից արցունք թափեց,
Ցուրտ հողմերից վարդը մրսեց, թարթիչներից բուք տեղաց վար,
Նրանք իրար հանդիպեցին՝ իրար գովքով, հերոսաբար։

975 Իջավ արագ բլրի գլխից. Ավթանդիլին դե՛մ ելավ նա.
Տեսնելուն պես բացականչեց. «Թե արև չէ՝ ո՞վ է հապա»
Ավելի էր եկվորն իրոք, քան թե գովեց ճորտը նրան,
Իջան ձիուց, պինդ գրկեցին՝ արցունքներով ուրախության։

976 Փաթաթվեցին իրար վզի, թեպետ օտար՝ չքաշվեցին,
Կտրիճն ինքը Ֆրիդոնին, նա էլ՝ նրան, հավանեցին.
Ով երկուսին այնտեղ տեսներ, արեգակին չէր հավանի,
Ինձ սպանիր, թե շուկայում նրանց նման մեկը գնի։

977 Որտե՞ղ գտնես և ի՞նչ կտրիճ Նուրադինին լինի նման,
Գովքը նրա չունի այլ ոք, իսկ Ավթանդիլն՝ էլ գովարժան,
Չքանում են աստղերն ամեն՝ արևին են երբ մոտենում,
Լույս չի տալիս մոմը գորով, գիշե՛րն է նա լուսավորում։