Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/176

Այս էջը հաստատված է

1018 Քարավանի պետն էր Ուսամ՝ խելոք մի մարդ և հաճելի,
Ավթանդիլի ներբողն արեց և օրհներգեց նրան էլի։
Ասաց նրան. «Արև՛, դու մեր՝ մխիթարանքն ու կյանքն եղիր,
Մեր պատմությունն անենք քեզ արդ, սակայն մինչ այդ ձիուց իջիր»։

1019 Ցատկեց ձիուց, նրանք ասին. «Բաղդադցի ենք, վաճառական,
Մուհամմեդի ջերմ հետևող, մենք չենք խմել մաճառ անգամ,
Գնում ենք մենք ծովերի մեծ թագավորի մայրաքաղաք
Եվ տանում ենք վաճառելու կերպասեղեն և այլ ապրանք։

1020 Մենք ծովափին, ահա այստեղ, ուշաթափված մի մարդ գտանք,
Մենք օգնեցինք, լեզու առավ, խոսեցրինք, որ հասկանանք.
«Ո՞վ ես, պանդուխտ մենք հարցրինք,— ի՞նչ է քեզ այս կողմեր բերել».
«Ձեզ կսպանեն, թե ծով մտնեք,— ասաց,— ո՞ղջ եմ ես մնացել։

1021 Եգիպտոսից քարավանով, մեծ բազմությամբ ճամփա ընկանք,
Տեսակ-տեսակ կերպասներով բեռնավորված մենք ծով մտանք,
Ծովահեններն առած գերան՝ ծայրին չութով, ջարդեցին մեզ
Կորան ամենքն, իսկ ես այստեղ, չգիտեմ թե ընկա ինչպես»։

1022 Առյուծ, արև, պատճառն ահա, մնացել ենք ինչու աստ մենք,
Թե հայրենիք վերադառնանք՝ հարյուրավոր վնաս կանենք.
Թե նավ մտնենք՝ վախենում ենք, մենք ուժ չունենք դիմադրության.
Ոչ կարող ենք առաջ գնալ, ոչ կանգնելու ուժ կա այնքան»։

1023 Կտրիճն ասաց. «Ով վհատի՝ կսխալվի և վատ կանի,
Ինչ որ երկինքն է որոշել՝ գալու է նա, պիտի լինի,
Երաշխավոր ես ձեր արյան՝ մի շիթ անգամ չեմ հոսեցնի,
Ով գա ձեր դեմ՝ թուրս ձեզ հետ՝ կռվոդների վրա կիջնի»։

1024 Քարավանի տերերն իսկույն անասելի ուրախացան.
Ասում էին. «Կտրիճ է սա, շատ քաջարի, ոչ մեզ նման,
Նա հույս ունի ինքն իր վրա — ճանապարհվենք հանգիստ սրտով»։
Նավ նստեցին ու ծով մտան ու նավեցին ափի մոտով։

1025 Օրը պարզ էր և արևկա, նավում էին հանգիստ, դյուրին։
Նրանց պահակ Ավթանդիլն էր քաջ ուղեկցում քարավանին։
Մի ծովահեն նավ երևաց, երկար դրոշն էր ծածանում.
Եվ գերանով մի չութ ուներ, որով նավե՛ր էր կործանում։