1104
Նա՝ արևն իր նայողների, գազանն ահեղ՝ ոխերմի հետ —
Կտրեց մատը մատնի կրող, դիակն հղեց սանդարամետ,
Լուսամատից նետեց նա ծով ու ավազին խառնեց ծովի
Էլ ոչ պետք կար փորոց-բահի, ոչ էլ կարիք տապան-հողի։
1105
Ու կոտորման լուրը նրանց ոչ ոքի՛ց էր ոչ ո՛ւր լսվել։
Վերադարձավ այն վարդն անուշ, որ այդ դեպքից շատ էր հուզվել,
Զարմանք, սակայն, նրանց արյունն՝ ինչպե՛ս թաքուն նա գողացավ—
Եվ իր անցած ճանապարհով՛ Ֆաթմանի մոտ վերադարձավ։
1106
Առյուծ, արևն ու քաղցրախոսն երբ ներս մտավ Ֆաթմանի մոտ,
«Սպանեցի,— ասաց,— նրան, էլ չի՛ տեսնի օր արևոտ,
Քո ճորտն եղավ դրան վկա, ասա, երդվի թող աստուծով,
Ու մոտս է դեռ դանակն արնոտ, և մտան ահա մատանիով։
1107
Քո պատմելիքն հիմա ասա՝ կատաղեցիր ինչո՞ւ այնպես,
Շուտով պատմիր՝ ճեմ համբերում, ի՞նչ սպառնաց մարդը այդ քեզ»։
Ֆաթմահն ընկավ ոտքեր նրա, ասաց. «Նայել քեզ չեմ արժան,
Վիրավոր իմ սիրտը բուժվեց ու հանգիստ եմ հիմա՛ միայն։
1108
Ուսենն ու ես, և իմ որդիք՝ այսօր նորից աշխարհ եկանք,
Առյուծ, ինչպե՞ս մենք քեզ պատշաճ, ինչ մեծարանք հիմա քեզ տանք,
Զի խոստացար արյունն առնել՝ և առել ես արդեն դարձել,
Պատմեմ հիմա քեզ ամենայն, դու պատրաստվիր հիմա լսել»։