Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/202

Այս էջը հաստատված է

ՊԱՏՄՈԻԹՅՈԻՆ ՆԵՍՏԱՆ-ԴԱՐԵՋԱՆԻ՝ ՔԱՋՔԵՐԻՑ ԳԵՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1201 Ասաց. «Վայ բախտ, քո նենգությամբ՝ սատանային ես նմանում,
Սակայն ոչ ոք չի հասկանում, թե քո դավերն ուր են հասնում.
Արեգակի պես էակին ո՞ւր չիք արիր, ո՞ւր է արդ նա,
Տեսնում եմ ես՝ վերջն աշխարհում՝ ամենն անտեր պիտի մնա։

1202 Հեռու գնաց արևն ինձնից, ամբողջ երկրի այն լուսատուն,
Հեռու գնաց իմ ձեռք բերած՝ իմ կյանքը և իմ գոյություն.
Ու ինձ անվերջ այնուհետև այրում է հուրն անշիջելի,
Ա՜խ, անկարո՛ղ եղա կտրել արտասուքը իմ աչքերի։

1203 Զավակ և տուն ես ատեցի, նստում էի տխուր, տրտում,
Հիշում էի նրան արթուն՝ նիրհում էի, թե կիսաքուն.
Եվ Ուսենն այն երդմնազանց, թվում էր ինձ պիղծ, անհավատ,
Չէի թողնում նրան մոտիկ, պիղծ էր դարձել, անհարազատ։

1204 Սակայն մի օր, արևը երբ մայր էր մտնում երեկոյան,
Պատահական անցա այնուստ՝ դուռը տեսա ասպնջատան.
Մտաբերում էի նրան, վիշտն էր նրա ինձ հոշոտում,
«Թող անիծվի երդումն,— ասի,— տված ամեն տղամարդու»։

1205 Մոտիկ եկավ պանդուխտ մի ճորտ և նրա հետ՝ երեք ընկեր,
Ճորտը հագած ճորտի նման, երեքը՝ պարզ ճամփի շորեր.
Խմիչք բերին և ուտելիք, գնած, ճարած մեր քաղաքում,
Ուտում, խմում էին նրանք, խոսում էին և կատակում։