1238
Ավթանդիլը արտասվելով սրտում փառք էր տալիս աստծուն,
Ասում նրան. «Փառք քեզ, աստված, որ իմ վշտերն ես փարատում.
Դու միշտ կայիր և կաս ընդմիշտ՝ անասելի և միշտ անլուր,
Ողորմությունդ է մեզ վրա՝ անակնկալ և ամենուր»։
1239
Լուրի համար արտասվաթոր նա արարչին փառաբանում,
Մինչ՝ առ ինքը կարծում Ֆաթման՝ և ավելի՛ էր ջերմանում։
Կտրիճն իրեն համեստ պահում, ձևանում էր նրան սիրող,
Կինը նրա վիզն էր գրկում և համբուրում դեմքն արևշող։
1240
Կինն այդ գիշեր հաճույք առավ Ավթանդիլի հետ քնելով.
Կտրիճն անսիրտ հպում նրա՝ պարանոցին բյուրեղ վզով,
Հիշում էր նա Թինաթինին, մի սարսուռով սարսում թաքուն,
Հանց վայրի էր սիրտը դարձել՝ զի վայրենյաց մեջ էր շրջում։
1241
Ծածուկ լալիս էր Ավթանդիլն, արյունախառն արցունք թափում,
Սև սաթե նավն էր լող տալիս սև թանաքի հորձանքներում.
Ասում էր նա. «Ի՞նչ կա սրա՛ ու վարդի մե՛ջ իմ ընդհանուր.
Ես, բլբուլս, փթրոց նստած՝ ագռավ դարձա վարդից հեռու»։
1242
Եվ արցունքից նրա թափած կարծր քարերն էին կակղում,
Սև թավուտում լճանալով՝ վարդի պուրակն են հեղեղում։
Ֆաթմանն հրճվում էր նրանով—վարդը սիրող բլբուլի պես.—
Ագռավն հանկարծ մի վարդ գտավ և նա իրեն բլբուլ կարծեց։
1243
Երբ լուսացավ, գնաց արևն՝ աշխարհ լուսողն այն լողանա.
Կինն ընծայեց ղաբաչաներ և բազմաթիվ խավուն, կաբա,
Օծանելիք բազում տեսակ, մաքուր շապիկ գեղանկար,
Ասաց նրան. «Մի ամաչիր, ինչ հավանես՝ հագիր ու տար»։
1244
Կտրիճն ասաց. «Իմ ով լինելն՝ այսօր պիտի պարզեմ սրան».
Զի մինչ հիմա հագնում էր նա ինչպես հարուստ վաճառական,
Իր հաղթ մարմնին այն օր իրոք զորականի զգեստ հագավ,—
Առյուծ էր նա՝ արև դարձավ, շուքը նրա ավելացավ։
1245
Ֆաթմանն ահա ճաշ պատրաստել՝ սիրածին էր կանչել նա հյուր.
Կտրիճն եկավ նոր շոր հագած, ուրախ դեմքով և ոչ տխուր։
Ու զարմացավ Ֆաթմանը շատ՝ տեսավ նրան այլակերպած.
«Այդպես լավ է, որ ավելի քեզ հավանեն»,— ժպտուն ասաց։