1335
Այդպես է և սիրտը մարդու—հնար չկա բուժել նրան.
Խնդության, թե՝ վշտի պահին խելագարի է նա նման.
Վիրավոր է նա միշտ դառնում, լի-երջանիկ՝ ամենևին—
Թող աշխարհին նա վստահի, ով որ ինքն է իր թշնամին։
1336
Տարիելը նորից տեսավ գրած գիրն իր սպանողի,
Կարդում էր նա խելակորույս, թափում առատ արցունք աղի.
Արտասուքից շաղվում էր աչքն, ու լույսն էր մութ՝ օր-ցերեկով,
Ավթանդիլը ելավ տեղից, խոսեց ազդու եղանակով։
1337
Ասաց. «Այն, ինչ անում ես դու, չի վայելում կրթված մարդուն,
Արտասուքի կարիք չունենք, հիմա պիտի լինենք ժպտուն.
Որոնելու ելիր գնանք, էլ չուշանանք դեպ արեգակ,
Ու փափագն է քո ում տեսնել—քեզ նրա մոտ տանեմ արագ։
1338
Ինչպես հարկ է ուրախանալ՝ մենք դեռ այնպես ուրախանանք,
Հետո հեծնենք ու երեսով դեպի Քաջեթ դիմենք, գնանք.
Թրերն անենք մեզ առաջնորդ, նրանց թիկունքն անենք դեպ մեզ,
Թափենք այնտեղ դիերն իրենց ու ետ դառնանք անհոգ այնպես»։
1339
Առյուծն ապա լուր էր առնում, էլ ոչ տրված ուշաթափման,
Փայլում էին ճերմակ ու սև՝ բացում էր երբ աչքերը լայն,
Լալի միջից ինչպես արևն՝ այնպես երեսն էր փայլ առնում.—
Ով արժան է՝ երկին գթով՝ նրա կողմն էր նա միշտ դառնում։
1340
Ավթանդիլի հետ նա խոսեց, շնորհակալ եղավ նրան,
Ասաց. «Ինչպե՞ս գովեմ ես քեզ, դու իմաստնոց գովեստարժան,
Ինչպես բարձր լեռան աղբյուր՝ դու ջուր տվիր հովտի ծաղկին,
Դադար տվիր նարգիզներից՝ առատ հոսող իմ արցունքին։
1341
Ես չեմ կարող քեզ հատուցել եղբայրական ջանքիդ համար.
Քեզ փոխարեն աստված թող տա բարիքներից իր անհամար»։
Հեծան, դեպի տուն դիմեցին, սրտերն իրենց խինդով լցված,
Թող կշտացնի բախտը հիմա և Ասմաթին Վաղուց սոված։
1342
Ասմաթն այրի դռան նստած, նայեց, տեսավ Տարիելին,
Ու նրա հետ իր կողմն եկող ուրախ ճերմակ ձիավորին,
Քաղցր ձայնով բլբուլի պես երգում էին երկու հոգով,—
Նա ճանաչեց, ցատկեց տեղից՝ հագի մաշված բաց շապիկով։