Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/234

Այս էջը հաստատված է

ՏԱՐԻԵԼԻ ԱՌԱՋԱՐԿԸ

 
1388 Իսկ Տարիելն ասաց. «Գիտեմ՝ հերոսներ եք հերոսների,
Նման է ձեր խորհուրդը շատ խիզախության ձեր սրտերի,
Թեժ կռիվ եք, գիտեմ, ուզում՝ ո՛չ զուր շարժում ձեր թրերի,
Երնեկ նրան՝ ով կտեսնի՝ ձեզ տաք ժամին այդ պայքարի։

1389 Բայց, եղբայրնե՛ր, ինձ թույլ տվեք՝ իմ առաջարկն անեմ նույնպես.
Թե ձայնն հասնի խենթացնողիս, նա ցած նայի արևի պես
Եվ տաք կռվում տեսնի նա ձեզ, բայց ինձ ձեր մեջ չնկատի,—
Հաճելի չէ այդ ինձ համար, ես խայտառակ լինեմ պիտի։

1390 Լավ կլինի, այս իմ կարծյոք, որ խորհուրդն իմ դուք ընդունեք.
Լուսադեմից փոքր ինչ առաջ երեք մասի մենք բաժանվենք,
Եվ ձի հեծած երեք կողմից առաջ խաղանք հանկարծակի,
Քիչ կթվանք — մեր դեմ կգան՝ թրեր շարժեք մենք մեր ձեռքի։

1391 Չեն հասցնի դուռը փակել—շուտ գրոհ տանք ու ներս խուժենք,
Մեզնից մեկը թող ներս մտնի, մյուսներս դրսից խփենք,
Մտնողը թող ներսիններից՝ արյան հեղեղ թափի ներսում,
Մյուսների զենքերը թող հաղթանակով գործեն դրսում»։

1392 Ֆրիդոնն ասաց. «Ես հասկացա, փորձել եմ շատ և լավ գիտեմ,
Չեն հասցնի դուռը փակել՝ իմ՝ քեզ տված նժույգի դեմ.
Նվիրելիս ի՞նչ գիտեի, թե Քաջեթում քեզ պետք կգա,
Թե չէ երբեք չէի տա քեզ, միտդ պահիր, ժլատ եմ, հա՜...»։