Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/24

Այս էջը հաստատված է

104 Հրամայեց. «Գնա՛, կանչի՛ր, չեմ դիմանա առանց նրան,
Ասա. «Ինչո՞ւ վերադարձար, դու նոր արև, դու հուրհրան,
Ե՛կ, փարատիր թախիծն իմ դու, սրտիս վերքին լեր ամոքում,
Պատմեմ, արի, պատճառը, թե՝ ինչն է հորդ հիմա տանջում։

105 Եվ Թինաթինն իսկույն եկավ՝ կատարելով կամքը իր հոր,
Լույսը դեմքին՝ որպես լուսին—բակ է առել ամպով հենց նոր։
Նստեցրեց հայրը իր մոտ ու համբուրեց՝ գրկելով մեղմ,
Ասաց. «Ինչո՞ւ ինքդ չեկար, սպասեցիր որ քեզ կանչեմ»։

106 Աղջիկը թե «Հայր իմ, արքա, ով քեզ այդպես մռայլ տեսնի.
Ինչպես նայի քեզ համարձակ, ինչքան էլ նա գոռոզ լինի,
Քո այդպիսի մռայլ դեմքից մութ կհագնի և լուսատո՛ւն.
Պետք է վշտից փնտրել մի ելք և ոչ մնալ այդպես տրտում»։

107 Ասաց․ «Որդյակ, որքան էլ ես լինեմ մռայլ ու վշտահար,
Քո մոտ լինելն ու նայելը ուրախությո՛ւն է ինձ համար.
Դու փարատիչն ես իմ վշտի, նման ես դու մուֆարախին։
Թե իմանաս՝ իրավ կասես իմ հառաչին և իմ ախին։

108 Զարմանալի ու ինձ օտար մի պատանու տեսա այսօր,
Երկրե-երկիր բռնել էր ողջ շողքը նրա արտասավոր,
Ինչո՞ւ էր նա, արդյոք, լալիս, ի՞նչ վիշտ ուներ, չհասկացա,
Նա ինձ տեսնել չցանկացավ, ես վրդովված՝ կռվի անցա։

109 Երբ ինձ տեսավ, հեծավ իր ձին և արտասուքն արագ սրբեց։
Նրան բռնել ես ձայնեցի՝ մինչ զինվորաց իմ կոտորեց
Ինձ չընդունեց մարդուն վայել ու չքացավ դևի նման,
Ու չգիտեմ մինչև հիմա՝ տեսիլք էր նա, թե իրական։

110 Այս է հիմա ինձ զարմացնում՝ ո՞վ էր, ի՞նչ էր, որ տեսա ես,
Զո՛րքս իրար տվեց ջարդեց, արյուն թափեց հեղեղի պես։
Այս հողեղեն մարդկանց միջին ո՞վ է աչքից անտես եղել։
Ես մինչ այսօր ուրախ էի, այժմ՝ աստվա՛ծ է ինձ ատել։

111 Աստված բարի ու ողորմած, տես թե վերջում ոնց դառնացավ,
Ու մոռացա օրերս ուրախ, որ մինչ հիմա գլխովս անցավ.
Թող ամեն ոք ինձ մորմոքա, ոչ ոք չտա ինձ երանի,—
Չեմ ունենա ես խնդություն, քանի դեռ կամ ես կենդանի։