1427
Շնորհակալ Տարիելն եղավ խոսքով սիրուն, անուշ լեզվով,
Ասաց. «Արքա, ախորժեցի գլխավորը՝ ես քո տեսով.
Լիացրիր ապա՝ որ դու՝ պարգևներով բազմատեսակ.
Համոզվեցի, թե լավ արինք, որ ձեզանից հեռու չանցանք»։
1428
Եվ Ծովերի արքան ասաց. «Արքա, առյուծ, առաքինող,
Մերձավորին դու կենսատու, հեռավորին դու սպանող,
Չնաշխարհիկ և գեղեցիկ, ի՞նչ եմ տվել ես քեզ արժան,
Քեզնից հեռու՝ ի՞նչ կշահեմ, ո՞վ ինձ հրճվանք կտա այդքան»։
1429
Իսկ Ֆաթմանին Տարիելն ասաց. «Ես քեզ ծառա այսուց ի դեն,
Իմ քույրն ես դու, արածիդ դեմ՝ ես չեմ կարող տալ փոխարեն.
Ինչքան գանձեր գրաստներին Քաջաստանում բարձել եմ ես,
Վերցուր և տար, չեմ վաճառում, ինձնից նվեր լինի թող քեզ»։
1430
Ու խոնարհվեց Ֆաթման-խաթուն, շնորհակալ եղավ շատ մեծ,
Ասաց. «Արքա՛ քեզ տեսնելով՝ իմ մեջ անշեջ հուր բռնկեց.
Քեզնից հեռու ի՞նչ կլինեմ՝ խենթ եմ ինչպես մի լինելու,
Ախ, երանի ով մոտ է ձեզ, ու վայ՝ ով ձեզ չի տեսնելու»։
1431
Իսկ լուսատուք, իրենք երկու, թագավորին այսպես ասին,
Ատամները՝ շար բյուրեղի, սադաֆ-մարջան՝ առած շուրթին—
«Քեզնից հեռու մենք չենք հաճի ոչ խրախճաք, ոչ չանգ ու դափ,
Սակայն թույլ տուր մեզ մեկնելու, զի պարտ է մեզ մեկնել շտապ։
1432
Դու մեր ծնող վստահելի, հուսալի հայր ես մեզ համար,
Սակայն նավ տուր մեզ հանց շնորհ, խնդրում ենք քեզ խոնարհաբար»
Հրամայեց. «Չեմ խնայի գլուխս անգամ, որ դու թաղես,
Շտապում ես քանի որ դու—առաջնորդի՛ կուռդ թող քեզ»։
1433
Եվ պատրաստեց Ծովոց արքան առագաստով նավ ծովափին.
Տարիելը ճամփա ընկավ, ճամփորդները լալիս էին,
Գլուխ էին ծեծում նրանք, մորուք ու մազ էին պոկում,
Իսկ Ֆաթմանի արտասուքից՝ ջուրն էր ծովի է՛լ վարարում։
1434
Անցան ծովերն հոգեղբայրներն, երեք իրար հավատարիմ,
Հաստատելով խոստումը այն, որին արդեն հաստատ էին,
Երգ ու ծիծաղ վայել նրանց, և անգիտակ չէին դրան.
Վարդ շուրթերի շուքն էր փռվում նրանց բյուրեղ դեմքի վրան։