112
Աղջիկն ասաց, «Խո՛սքս անտեղի՝ կասեմ, սակայն, ներիր դու ինձ,
Ո՛վ թագավոր, մի դժգոհիր ոչ աստծուց և ոչ բախտից։
Անմեղադիր եղիր նրան, քաղցրաբառ է ով միշտ նայում.
Ինչո՞ւ չարիք պիտի գործի՝ ով լոկ բարիք է սահմանում։
113
Խորհուրդ կտամ, արքա ես դու և գերագահ արքաների,
Սահմաններդ հեռու անծիր, տիրությունդ անպատմելի.
Մարդիկ հղիր դու ամեն կողմ, նրա մասին համբավ բերեն,
Ու կիմանաս, թե ո՞վ էր նա՝ աննյութ էա՞կ, թե՞ հողեղեն»։
114
Մարդիկ դրին, ուղարկեցին մինչ չորս ծագե՛րը աշխարհի,
Հրաման արին, «Ճամփա ընկեք՝ ընդդեմ բոլոր վտանգների
Որոնեցեք այն կտրիճին, մի պարապեք ուրիշ բանով,—
Եվ ուր անձամբ դուք չհասնեք, տեղեկացեք նամակներով»։
115
Եվ գնացին․ մի բովանդակ տարի մարդիկ թափառեցին,
Փնտրում էին այն կտրիճին, հարցում անում նոր ի նորին,
Բայց կտրիճին տեսած-լսած՝ աշխարհ եկած մարդ չգտան.
Անհետևանք, իզուր հոգնած, դժգոհ սրտով վերադարձան։
116
Զեկուցեցին. «Ո՛վ թագավոր, ցամաքն ամբողջ անցանք ոտքով,
Բայց չգտանք այն կտրիճին, չուրախացանք մենք նրանով։
Նրան տեսնող մեզ ոչ մի տեղ չհանդիպեց կենդանի մարդ,
Անկար եղանք ձեզ ծառայել, մտածեցեք ուրիշ հնարք»։
117
«Ճիշտ էր ասում աղջիկս ահա,— ուրախացած խոսեց արքան,—
Ինչ տեսել եմ՝ նենգություն է, պղծություն է այն դիվական,
Նա երկնքից վայր էր ընկել ինձ նենգելու, թշնամելու,
Թոթափեցի՛ վշտերս ես, առիթ չկա էլ տրտմելու»։
118
Այսպես խոսեց և սկսեց խաղ-խրախճանք ավելացնել,
Ձեռնածուներ և երգիչներ, ուր որ կային՝ պալատ կանչել։
Մեծ բազմություն կանչեց պալատ, նվեր տվեց հույժ ակնապիշ,
Առատաձեռն նրա նման՝ չի ստեղծել աստված ուրիշ։