Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/253

Այս էջը հաստատված է

1515 Ֆրիդոնն հեծավ և արշավեց ու ավետեց Ավթանդիլին,
Այսքան ուրախ ու մեծ լուրն այս նոր թափ տվեց նրա թևին.
Ի լուր գնաց, առաջնորդեց, բերեց ապա իր հետ նրան,
Բայց նա քաշվո՛ւմ էր արքայից՝ էլ գույն չկար դեմքի վրան։

1516 Արքան ելավ, դիմավորեց կտրիճն եկավ, իջավ ձիուց,
Ու թաշկինակն ասած ի ափ՝ ծածկում էր դեմքն ամաչելուց։
Արևն ամպի ետև մտել, վարդին էր նա ցրտահարել,
Սակայն նրա գեղեցկության՝ ի՞նչ կարող էր գե՛թ խանգարել։

1517 Արքան ուզում էր համբուրել, էլ արտասուք նա չէր թափում,
Ավթանդիլը՝ ոտքերն ընկած, ցնծում ու վար լույսը սփռում,
Արքան ասաց. «Մի՛ ամաչիր, վեր կաց, արդեն՝ քեզ հայտեցիր,
Հնազանդ ես զի ինձ արդեն՝ վեր կաց էլ զուր մի ամաչիր»։

1518 Գրկեց նրան և համբուրեց, համբույր արավ դեմքը բոլոր,
«Թեժ կրակիս դու ջուր լցրիր,— ասաց,— մի՛ թող նրան մոլոր —
Թարթիչները ում սև սաթի ու հոնքերն են ձուլվել իրար,
Քո արևին՝ արի քե՛զ տամ, առյո՛ւծ, գլո՛ւխդ առ նա դու տար»։

1519 Փաթաթվել էր արքան նրան՝ այն առյուծին, այն հերոսին,
Ու համբուրում՝ նստած մոտիկ, խոսում, նայում մերթ երեսին.
Թե արեգակ, թե տիրություն—արժանի էր՝ ընկան նրան,—
Խինդն այնժամ է իրոք հաճո՝ երբ մարդ կանցնի վշտի ճամփան։

1520 Կտրիճն ասաց. «Արքա՛, ինչո՞ւ ուրիշ բան չե՛ս հրամայում,
Արեգակին այն տեսնելու՝ զարմանք՝ ինչո՞ւ դու հապաղում.
Դիմավորիր նրան ուրախ, հրավիրիր պալատ դու ձեր
Ձեր շրջակայքն ամբողջովին կտարածի լույսի շողեր»։

1521 Նույն բանն ասաց Տարիելին, հեծան իսկույն առաջ անցան,
Այտերն երեք դյուցազների արեգակի փայլ ստացան,
Փափագեցին ինչի՝ հասան, գտան՝ ինչ որ փնտրում էին,
Գործում էին իրենց թրով՝ կողքին իզուր կապել չէին։

1522 Արքան հեռվից իջավ ձիուց ու ողջունեց արև-աղջկան,
Նրա դեմքի ճաճանչներից՝ աչքը շլեց կարծես արքան.
Աղջիկն ելավ պատգարակից և արքային նա համբուրեց,
Արքան անկեղծ, խելակորույս՝ արևին այն գովաբանեց։