Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/255

Այս էջը հաստատված է

1531 Որդիս, աստված ձեզ տա կյանքի՝ հազար տարվա տևողություն,
Բարօրություն ու մեծություն, ամեն ցավից ազատություն,
Ինչպես երկինքն է հաստատուն՝ ձեր կյանքն այնպես հաստատ լինի.
Ձեր երկուսիդ ձեռի հողին աստված անի ինձ արժանի»։

1532 Հրաման տվեց ռազմիկներին, որ խոնարհվեն Ավթանդիլին,
Ասաց. «Սա է արքան արդ ձեր, այսպես է կամքն աստվածային.
Իմ գահի տեր՝ սա է այսօր, մինչ ես հիվանդ՝ իմ ծերությամբ,
Ինձ շիտակ եք դուք ծառայել, լերուք և արդ դուք նույնությամբ»։

1533 Զորքերն ու ողջ ավագանիք խոնարհվեցին, գլուխ տվին,
Ասին. «Հողը դառնանք նրանց, ովքեր որ մեզ աշխարհ բերին,
Թև խոնարհ ենք՝ փառավորի, մինչ ըմբոստաց մատնի մահվան,
Ու թշնամաց կոտը թող թույլ, մեր սիրտն ամո՛ւր լինի այնքան»։

1534 Տարիելն էլ գովաբանեց պսակումն այդ մեծ հույսերի.
Թինաթինին այսպես ասաց․ «էլ չեք այրվում, ձեզ միացրի,
Քո ամուսինն եղբայրն է իմ, ուզում եմ քեզ ինձ քույր դարձնել,
Դավաճանիդ, ախոյանիդ՝ իմ պա՛րտքն է միշտ ոչնչացնել»։