ԱՎԹԱՆԴԵԼԻ ԵՎ ԹԻՆԱԹԻՆԻ ՀԱՐՍԱՆԻՔԸ, ՈՐ ԿԱՏԱՐԵՑ ԱՐԱԲՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐԸ
1535
Այդ օր բազմած էր Ավթանդիլն՝ իբրև արքա աստվածակամ,
Տարիելը նրա կողքին՝ նազանքներով շատ սազական,
Նեստանը մոտ Թինաթինի՝ նայողներին էր հմայում,
Կարծես երկինքն երկիր իջել, ու չորս արև էին փայլում։
1536
Սկսեցին հյուրասիրել ամբողջ զորքին առատ-առատ,
Տավար-ոչխար կար մորթոտած — մամուռից իսկ թվում էր շատ,
Եվ սկսվեց բաշխումն առատ՝ նվերների նրանց վայել,
Նրանց դեմքերն էին սփռել արեգակի նման շողեր։
1537
Պնակները թե հակինթի՝ բաժակները լալից էին,
Ու քանդակներ տեսակ-տեսակ, զարդող գունեղ ամաններին։
Այդ հարսանիքն ով որ գովի՝ իմաստունից գոված է նա,
Տեսնո՛ղ, սրտին քո կասեիր. «Մնա՛ այստեղ, մի հեռանա»։
1538
Եվ մուտրիբներ հավաքվեցին, ու հնչեցին ծնծղաներ.
Կիտված էին բլուրներով՝ հղկած բալաշխ ու ոսկիներ,
Խմողների համար գինին՝ հարյուր տեղից՝ հորդ էր հոսում.
Մթնշաղից կոնծում էին — առավոտն էր արդեն անցնում։
1539
Ոչ կաղ և ոչ անդամալույծ չմնացին առանց նվեր,
Ու գլորվում խռիվ-խռիվ՝ ցրված բազում մարգարիտներ.
Ձանձրացել են էլի տանել—ոսկի, ատլաս այնքան շատ կար։
Ողջ երեք օր Հնդկաց արքան Ավթանդիլին եղավ մակար։
|
|