1548
Անգետը միշտ թող հալածվի՝ գիտնոց խելքից, զոր ու կարից,
Հաստատ գիտեմ, որ դուք նույնպես՝ կվշտանաք իմ վշտերից,
Գնամ, որ իմ այսքան երկար ուշանալուց չարիք չգա,
Շուտով նորից ձեզ կտեսնեմ փառավոր է՝ աստված կտա»։
1549
Եվ Ռոստևանն ասաց. «Արքա, դուք ինձանից մի ամաչեք,
Ինչ բարվոք է՝ դուք այն արեք՝ որոշեք ու կատարեցեք,
Թող գա ձեզ հետ և Ավթանդիլն, մեծ զորքերով դարձեք ձեր տուն,
Ու կոտորեք, պատառեցեք դավաճանին, ձեր թշնամուն»։
1550
Ավթանդիլը Տարիելին երբ խոսքերն այս ասաց պատիր,
Նա թե. «Այդպես էլ մի խոսի, բյուրեղ-վեմդ այստեղ պահիր.
Հանդիպել ես լուսնիդ դու նոր, ո՜վ արեգակ, մի անջատվի»։
Ավթանդիլը ասաց նրան. «Ո՛չ, այդ խոսքով՝ ես չեմ խաբվի։
1551
Ուզում ես ինձ այստե՞ղ թողնես, հետո գնաս ու մտածես,
Թե՝ «Նա իրա կնոջ սիրեց, ինձ ուրացավ, մենակ թողեց»։
Իսկ ես այստեղ՝ գլխին իմ տամ ու քեզանից մնամ բաժան,—
Զի մտերմին մենակ թողնել՝ ա՛խ, շա՜տ է շա՜տ, ա՛խ, անարժան»։
1552
Տարիելը ժպտաց, ինչպես՝ վարդի ցողով ծածկած բյուրեղ,
Ասաց. «Սակայն՝ ես առանց քեզ՝ «վայ» ավելի կտամ այնտեղ.
Դեհ, որ շատ ես ուզում՝ արի, որ չկարծես՝ կեղծ եմ թե ես»։
Ավթանդիլը հրաման արեց՝ զորք հավաքել անմիջապես։
1553
Շատ չքաշեց՝ զորքերն եկան ամբողջ երկրից արաբական,
Գալիս էին զինված, պատրաստ՝ ութսուն հազար զինվորական.
Պատրաստ էին, թե ձի, թե մարդ խորեզմական զրահներով,
Բայց բաժանումն այդ երկուսի՝ Ռոստևանին պատեց թախծով։
1554
Երկու կանայք պիտի նույնպես՝ բաժանվեին երկու քույրեր,
Որոնք երդվել ուխտել էին՝ և քույր դառնալ, և վստահել,
Ու կրծքերով իրար կպել՝ գրկել էին վզերն իրար,
Լալիս էին ու իրենց հետ՝ հուզում՝ տեսնող ներկա ով կար։
1555
Երբ լուսինն է լուսաստղի հետ՝ դուրս են եկել լուսեն երկնում—
Հավասար է լույսն երկուսի, թե ի բաժան՝ լույսից զրկվում,
Իրենց կամքով չեն հեռանում՝ երկինքն ինքը կբաժանի–
Ով ուզում է տեսնել նրանց՝ գլուխը վեր պիտի հառնի։