ԻՄ ՈՒՍԱՆՈՂ Վ. ՏԵՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
(«Ընձենավոր»–ի թարգմանության առթիվ)
Գեղարվեստական մի երկ թարգմանելը ոչ միայն գիտություն է, այլ և արվեստ, ավելի շուտ արվեստ, քան գիտություն։ Գիտությունն անհրաժեշտ է սոսկ տեխնիկապես՝ բնագիրը հասկանալու և թարգմանելիք լեզվի միջոցները գիտենալու համար, բայց ոչ թարգմանչական գործի ստեղծագործական մոմենտի համար։
Բնավ մտադիր չլինելով զբաղվել թարգմանչական արվեստի պարզաբանությամբ, կարծում եմ սակայն, որ կարող կլինեմ որոշ նյութ մատակարարել այդ արվեստով հետաքրքրվողներին, նույնիսկ հայերեն ու վրացերեն չգիտցողներին, երբ փորձեմ կարողությանս չափ բազմակողմանի բացահայտել Վ. Տերյանի բանաստեղծական թարգմանության առանձնահատկությունները։
Լցված է սիրտս։ Առաջին անգամը չէ սա, որ ինձ՝ ուսուցչիս, վիճակվում է խոսել աշակերտիս մահվան մասին։ Ճակատագիրն արդեն շարալիք է արել երեքին Հ․ Ա․ Ղիփշիձեին, Դ․ Ա․ Ղիփշիձեին և Ս․ Լոմիային։ Չգթաց մահը հուսատու երիտասարդ Ս. Սցեպուրոյին։ Ընդլայնվում է կովկասագիտության շուրջը ծավալվող անապատը։
Չկա նաև Տերյանը։ Բայց նա բանաստեղծ էր, խոշոր բանաստեղծ, ուստի և հարազատ ո՛չ միայն արյունակից սրտին։ Բանաստեղծ մնում է՝ այստեղ մեզ հետ՝ նաև փոքրածավալ այս «արևի կտոր», Ռուսթավցի Շոթայի կերտվածքի մասնակի թարգմանության մեջ։
Թարգմանելիս՝ Տերյանը վարվել է ոչ իբրև գիտնական, որը ձգտում է վերլուծել և տարրազատել հեղինակի երկը և որը, բաղադրիչ մասերի աղբյուրների