Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/27

Այս էջը հաստատված է

124 Աղջիկն ասաց. «Շփոթվու՛մ եմ քեզ պատմելուց ես այն բանի,
Ձգտում էի չասել քեզ այն, ինչ որ չասել անզոր էի,
Սակայն գիտե՞ս պատճառը, թե՝ ինչու եմ քեզ կանչել այստեղ,
Ինչո՞ւ եմ ես մռայլ նստել, տխուր-տրտում ու խելահեղ»։

125 Կտրիճը թե. «Բան ահավոր չէ թե անել՝ կասե՞մ ես իսկ,
Չէ՞ որ խամրո՛ւմ է լուսինը՝ արևի դեմ կորչում նույնիսկ․
Ես անկարող եմ կռահել... գուցե առիթն ի՞նքս լինեմ,
Խնդրեմ ասեք՝ ի՞նչ է ձեր ցավն և այն՝ ինչով ես դարմանեմ»։

126 Իր ասելիքն աղջիկն ասաց հաճոյաբան, ոճով ներհուն,
«Թեպետ մինչ այդ,— շարունակեց,— դու համեստ ես եղել, հեռուն,
Սակայն, զարմա՛նք, քեղ վիճակվեց գործն այս դժվար անել պատվով,
Բայց ամենից առաջ պատմեմ, թե հիվանդ եմ ես ինչ ցավով։

127 Թե հիշում ես՝ դու և արքան դաշտում որսով պարապելիս
Տեսել էիք օտար կտրիճ՝ գետի ափին նստած լալիս,
Այն օրվանից նրա մասին մտքով այնքան տարված եմ ես —
Դու պիտ նրան գտնես հարկավ, թեկուզ երկրե—երկիր անցնես։

128 Մինչև այսօր խոստովանանք թեկուզ և չես արել դու ինձ,
Ինձ սիրելո՛ւդ լուրը սակայն, լսել եմ ես արդեն հեռվից,
Գիտեմ, որ դու քո այտերին անդող արցունք ես հեղեղել,
Նետահարվել ես դու սիրուց, սիրտդ սիրո գերի եղել։

129 Հարկ է, որ դու ինձ ծառայես՝ այսու ունեմ երկու պատճառ.
Նախ կտրիճ ես դու հողեղեն՝ չկա ուրիշ քեզ հավասար,
Երկրորդ՝ սրտիս սիրածն ես դու, ստո՛ւյգ է այս, ոչ մտածին,
Այժմ գնա՝ հեռու թե մոտ և որոնիր այն կտրիճին։

130 Սերդ դեպ ինձ, դու այդպիսով, ավելի խո՛ր կհաստատես,
Ինձ կազատես նեղությունից՝ սատանային եթե հաղթես։
Սրտումս դու ցանիր հուսո մանիշակներ, վարդեր փռիր,
Դարձիր առյուծ, արևի պես՝ դեմդ կգամ և ինձ տիրիր։

131 Երեք տարի փնտրիր նրան, ով քեզ համար է փնտրելի,
Գտնես՝ դարձիր հաղթանակով, լուր բեր դու ինձ ավետալի,
Թե չգտնես, կհավատամ, որ նա էա՛կ էր անմարմին,
Եվ ես իբրև վարդի կոկոն կհանդիպեմ քեզ այն ժամին։