Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/274

Այս էջը հաստատված է

Եվ մնում է միայն ափսոսալ, որ Տերյանը կարողացել է թարգմանել պոեմի միմիայն սկզբնական տասներկու տունը։ Եվ այնուամենայնիվ նրա թարգմանությունը հայ ընթերցողին տալիս է Շոթայի պոեմից այնքան, որքան չի տվել նույն պոեմի և ոչ մի թարգմանիչ։

Շոթայի առանձին արտահայտությունների և պատկերների ճշգրիտ արտաբերումը, առավելապես բնագրին հարազատ ռիթմը, ոտանավորի հնչեղությամբ և հանգերի հոտոտությամբ բնագրին համահավասար վարպետությունը, միաժամանակ խոսքի առերևույթ բնական անպաճույճ սահունությունը,— այս բոլորը բավական չէ բացատրելու Տերյանի թարգմանության հմայքի ուժը։ Կարելի է թերևս համաձայնել, որ Տերյանի թարգմանության թվածս բարեմասնությունները անվիճելի են ոչ միշտ։ Ես չեմ առաջարկում անբիծ արև փնտրել հայկական թարգմանության մեջ,— այդպիսին գոյություն չունի և բնության մեջ։ Մատնանշածս բարձր և անվիճելի հաջողանքների հետ միատեղ հայերեն թարգմանության այդ հատվածի մեջ կա ինչ որ հրապույր — և այդ է, որ ընթերցանության պահին ստեղծում է մի պատրանք՝ թե Տերյանը չէ հայերեն բանաստեղծում, այլ ինքը Շոթան։ Եվ ինչի՞ց է բղխում այդ․ արդյոք նրանից, որ Տերյանը համահանճար է Շոթային, թ՞ե երկու բանաստեղծների հասարակական իդեալների մերձակցությունից: Վերջինի մասին համենայն դեպս խոսք չի կարող լինել։ Ավելի շուտ նրանից, որ թե՛ Ռուսթավցուն, թե՛ Տերյանին միևնույն մարմնավոր բնությունն է սնուցել իր երանգներով և իր հնչյուններով։ Երկուսն էլ, թեպետ և դարերով իրարից բաժան, նույն մեսխաց երկրի զավակներ են․ Ռուսթավից, որ ներկայումս մի հետ ընկած ավան է, տասնյակ ժամերի, հազիվ մի երկու օրվա ճանապարհ է մինչև Տերյանի ծննդավայր գյուղը։

Բայց անարդար կլինեինք դեպի հանգուցյալի հիշատակը, եթե ծածկեինք Տերյանի թարգմանության հաջողանքի իրենից բոլորովին անկախ մի պատճառը ևս։ Այդ այն, որ հայ լեզվի կառուցվածքին թե ի բնէ թե կուլտուր-պատ-մականորեն հատուկ է լավագույն կերպով արտահայտել վրաց լեզվի բնույթն ու առանձնահատկությունները։ Ճիշտ է, հայերենի և վրացերենի միջև խոշոր տարբերություն կա բանաստեղծության համար առանձնապես կարևոր տեխնիկայի մեջ․ հայկական տաղաչափությունը բացառապես վանկաքանակային է, հայկական բառերը, երբ երկ և ավելի վանկային են, ընտրություն չունեն երկու շեշտերի միջև, ինչպես վրացական բառերը, բայց ներքին ռիթմը, պատկերավորումներն ու ոճերը, հայ և վրաց ժողովուրդների բուն հոգեբանությունը ամբողջապես, եթե այն դիտելու լինենք դասակարգային շահերի սահմաններից դուրս, ոչ միայն հարազատ են իրար, այլ և նույնն են ըստ էության՝ տարբերվելով ձևականապես։ Եվ մի՞թե միջնադարյան Շոթայի մասին իսկ, ոչ իբրև իր ժամանակի հասարակական իդեալների արտահայտչի, այլ իբրև ստեղծագործող գեղագետի, քերթողի, կարող ենք ասել, որ նա ֆեոդալների