175
Խոսքիս համար՝ Եզրաս վկա կամ իմաստուն Դիոնիսոս,
Երբ եղյա՛մն է վարդին սարսում՝ վարդն հիրավի շատ է ափսոս,
Ափսոս է և պանդուխտ դարձած կտրիճը այն աստանդական,
Որի իրա՛նն է եղեգի, դեմքը չքնաղ՝ քան բալախշան։
***
176
Ավթանդիլի ձին քառատրոփ տափաստանով շուտ սլացավ,
Թողեց սահմանն արաբական, օտարների սահմանն անցավ,
Բայց բաժանումն այն արևից մաշեց կյանքը, կանգնե՛ց, ասա՛ց.
«Հանդիպեի թե ես նրան — չէի հեղի արցունք ու լաց»։
177
Ձյունեց նորից ձյունն աոաջին, սարսում էր վարդն ու թառամում,
Ուզում էր իր սիրտը խոցել, մերթ դանակի՛ էր նա դիմում,
«Բա՛խտս արավ,— ասում էր նա—և հարյուրեց վի՛շտս իննսուն,
Հեռացել եմ ամեն խինդից, չանգի-տավղի ձայն չեմ լսում»։
178
Վարդն անջատուն՝ իր արևից—թառամում էր, հար թառամում.
Սիրտ էր տալիս ինքն իր սրտին, համբերումից չէր նվաղում։
Թափառում էր վայրեր օտար ու որոնում նորը նորին,
Ճամփորդներին հարցուփորձում, ընկեր դառնում ու մտերիմ։
179
Փնտրում էր անդ, աղի լալիս, արցունքը գետ՝ խառնում ծովին,
Բարձ էր արել բազուկն իրա, գետինը՝ թախտ ու անկողին։
Խոսում էր. «Յա՛ր, ես հեռացա, հոգիս մնաց քեզ մոտ սակայն,
Թե իսկ մեռնե՛մ, ախ, քեզ համար՝ մահս խի՛նդ է նվիրական»։