180
Անցավ երկրի երեսն ամեն, շրջեց-փնտրեց ամենուրեք,
Երկնքի տակ տեղ չմնաց, ուր չլիներ, չանցներ ուրեք,
Բայց կտրիճի մասին լսած գոնե մեկին նա չգտավ.
Որոնումի երեք տարին որպես երեք ամիս անցավ։
181
Ընկավ ինչ-որ նա մի երկիր՝ անչափ տհաճ ու վայրենի,
Այնքան չկար ադամորդի՝ ամիսը մեկ մարդ չէր տեսնի,
Ռամինն ինքը ու Վիսն անգամ չեն հանդիպել վիշտ այդպիսին,—
Մտորում էր գիշեր-ցերեկ իր անմոռաց յարի մասին։
182
Հասավ բարձր նա մի լեռան, նրա գլխին օթևանեց,
Եվ յոթ օրվա ճամփա կտրող դաշտ մի հեռու անդուստ բացվեց,
Իսկ սարի տակ գետ կար հոսող՝ առանց կամուրջ, անցում առանց,
Գետեզերին՝ սաղարթամութ անտառ ձգված երկու ափանց։
183
Հասավ կատար, ե՛տ շրջվեց՝ գալիք օր ու ժամն էր հաշվում.
Մնացել էր ամիս երկու—հոգով խռով էր հառաչում.
«Վայ թե իրքս հայտնի դառնա,— վախվխում էր նաև սրան,—
Վատը լավի ոք չի փոխի, ոք չի ծնվի նորից անգամ»։
184
Եվ նա տարվեց մտածմունքով՝ արդյոք թե ո՞ր միջոցն ընտրի.
«Թե ձեռնունայն վերադառնամ՝ ինչո՞ւ կորա այսքան տարի։
Ի՞նչ զեկուցեմ իմ արևին՝ ինչո՞ւ այսքան թափառեցի,
Երբ սու՛տն անգամ ես չիմացա նրա մասին, ում փնտրեցի։
185
Իսկ եթե ես ետ չդառնամ, նորից այսպես դեռ որոնեմ,
Ում փնտրել եմ՝ նրա մասին գոնե մի լուր նորից չառնեմ,—
Լաց-կոծ կանի Շերմադինը՝ հենց լրացավ ժամկետը մեր,
Կերթա, հարկավ, արքայի մոտ—իսկությո՛ւնը պիտի պատմեր։
186
Կազդարարի իմ մահն այնտեղ, ինչպես ինքս եմ ես պատվիրել,
Եվ կսկսեն սգալ նրանք, ապրել վիշտ ու սուգի օրեր,
Թափառումից էլ ո՞նց դառնամ, իսկ այնուհետ՝ ես կենդանի»
Այսպես ողբո՛ւմ էր ինքնիրեն՝ սրտով թախծոտ և անձկալի։
187
Խոսում էր. «Տե՛ր, ինձ համար է՞ր չարիր արդար մի դատաստան.
Ինչո՞ւ ունայն, ունայն արիր այսքան ջա՛նքն իմ թափառական։
Ո՞նց փշրեցիր խինդը սրտիս, հոգիս արիր վշտով լեցուն,
Չկտրեցիր արցունքն աչքիս՝ գիշեր-ցերեկ լացող անքուն»։