Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/56

Այս էջը հաստատված է

326 Իմ արձակած նետը գազան և երեներ էր ցած նետում,
Դաշտից դառնում հրապարակ, գնդակ էի ապա խաղում.
Տանը խնճո՛ւյք էի անում սովորս ես ի խրախճան,
Արդ զրկել է կյանքից նա ինձ՝ դեմքով բյուրեղն այն բալախշան։

327 Հայրս մեռավ—արդեն նրա՝ հասել էր օ՛րը վախճանի.
Դադարեցին խինդ—խնդություն, նիշեները Փարսադանի.
Ահ էր քաշում ով նրանից — հիմա նրանք ուրախացան,
Ու ողբացին բարեկամներ, արդ թշնամուց ահող դարձան։

328 Ես մեկ տարի մութ սենյակում նստած էի իբրև սգվոր,
Սգում էի ես անամոք, առանց դադար գիշեր ու զոր.
Դուրս բերելու՝ թագավորից մարդիկ եկան պալատական,
Թե «Ա՛յ որդի դու Տարիել, վերջ տուր սգիդ որդիական։

329 Հավասարին մեր կորցրինք, մենք ավելի շատ ենք ցավում»,
Ասել էր որ հանեմ սևը, գանձեր հարյուր էր պարգևում.
Ինձ էր հանձնում իմ հորական իշխանությունն ամբողջովին,
«Քո՛նն է պաշտոնն ամիրբարի, այժմ հոգա՛ դու լիովին»։

330 Ես վառվեցի, այրում էր ինձ հորս կրա՛կն ու տոչորում.
Պալատականք ինձ դուրս բերին, էլ չթողին ինձ խավարում,
Հնդկաստանի տերերն եկան ինձ ընդառաջ, համբուրեցին
Եվ մթից դո՛ւրս գալուս առթիվ խնճույք, հանդե՛ս կատարեցին։

331 Իրենց գահի մոտ նստեցի, որդու նման ինձ պատվեցին,
Սկսեցին խոսել հանգիստ պաշտոնիս և գործիս մասին.
Ըմբոստացա, ծես ու կարգը ինձ թվացին ահոտ-օտար
Չզիջեցին, ենթարկվեցի, գլուխ տվին հանց ամիրբար։

332 Ես չգիտեմ, մոռացել եմ, արդեն անցան տարիք բազում,
Ինչպես պատմեմ կյանքիս մասին, ապրեմ դժվար, դժվար հուզում,
Աշխարհս է նենգ, փոփոխամիտ, նա միշտ չարին է գործակից,
Նրա հանած կայծերն ուժգին դիպան և ինձ, այրո՛ւմ են ինձ»։