404
Ապա ինձ, թե «Վշտացել ես, անխոս թողի, քեզ անցողիկ,
Թոռոմ թողի քեզ բաժանմամբ՝ զերդ արևից՝ հովտի ծաղիկ,
Տանջել են քեզ արտասուքներ՝ նարգիսներիդ հեղած ծարից,
Բայց թե հարկ է ինձ էլ քաշվել ու ամաչել ամիրբարից
405
Կինը թեպետ մարդու առաջ պետք է իրեն պահի զսպած,
Բայց ավելի վատ է չասել, վշտերն իրա պահել ծածկած,
Թե ժպտացել եմ երեսանց, բայց ներքուստ շա՜տ եմ հառաչել։
Կին հղեցի անցյալ անգամ, պատվեր արի՝ արդարն ասել։
406
Այն օրվանից, ինչ գիտեցանք մեկս-մեկու մենք երկուսով,
Մինչ ի այսօր քոնն եմ որ կամ, ամուր-ամուր նույն խոստումով։
Հավատացիր, երկին վկա, մեծ երդումիս այսօր կրկին,
Թե քեզ խաբեմ՝ թող հող դառնամ, չարժանանամ ինն երկնին։
407
Գնա՛, մարտի՛ր Չին-Մաչինում, սահմանն անցի՛ր արշավավոր,
Աստված տա, որ հաղթանակես, ինձ մոտ դառնաս դու փառավոր։
Բայց ի՞նչ անեմ, մինչև նորից քեզ տեսնելուն կարժանանամ,
Դու իմ սիրտը պահիր քեզ մոտ, տուր ինձ սիրտը քո անբաժան»։
408
Ես ասացի. «Չեմ խնայի գլուխս քեզ մատաղ անել,
Քանի որ դու թողիր ապրեմ և չուզեցիր ինձ սպանել.
Դու կլինես լույսը աչքիս՝ արևի պես երանական,
Հիմա-կռվի Չին-Մաչինում, այնտեղ առյուծ խիզախության։
409
Ինչին դու ինձ արժան արիր՝ հողեղենին չէ արժանի.
Անակնկա՛լ է միշտ գալիս, չեմ զարմանում՝ շնորհն երկնի,
Շողերը քո թափանցեցին, լույս փռեցին խավար սրտիս,
Քոնն եմ ես միշտ, հողը մինչև՝ դեռ չի նստել հավետ դեմքիս»։
410
Իսկույն երդման գրքի վրա ես երդվեցի, և նա՛ երդվեց,
Ու իմ հանդեպ սերը նրա մեր երդումով է՛լ հաստատվեց.
«Թող սպանի ի՛նքը աստված, քեզնից բացի թե հավանեմ,
Պիտի պահեմ խոսքս ամուր ու ինքս ի՛նձ՝ ես կրկնեմ։
411
Մի որոշ պահ ես մնացի, խոսում էինք մենք փոխաբար,
Քաղցր մրգեր անուշ անում, հաճո խոսքեր ասում իրար.
Ապա ելա հրաժեշտի՝ արցունքներով, լացը աչքում,
Փայլը նրա պայծառ շուքի լուսով մնաց սրտիս խորքում։