Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/85

Այս էջը հաստատված է

ՆԵՍՏԱՆ-ԴԱՐԵՋԱՆԻ ՆԱՄԱԿԸ՝ ԻՐ ՍԻՐԵՑՅԱԼԻՆ

483 Ծառան եկավ և ինձ համար մի լուր բերեց նա ճշմարտին.
«Ձեր մասին է հարցում անում քղմիդավոր եկած մի կին».
Կռահեցի, իսկույն ելա՝ արագ-արագ սրտատրոփ,
Ու ներս եկավ, տեսա իրոք՝ Ասմաթն էր այդ եկել ինձ մոտ։

484 Յարիս սիրուց՝ իր նաժիշտի տեսքովն անգամ ես հրճվեցի,
էլ չթողի, գլուխ որ տար, փոխան՝ իրեն համբուրեցի,
Ձեռից բռնած՝ թախտի վրա նրան ինձ մոտ նստեցրի.
«Նոճու շիվից արդյոք ինձ ի՞նչ լուր ես բերել»,— ես հարցրի։

485 «Տեղեկություն տուր նրանից, ուրիշ ոչինչ բան մի ասի»,
Ասաց. «Կասեմ հենց այն, ինչ կա, ուրիշ բան չե՜մ ավելացնի,
Այսօր իրար տեսել եք դուք, սիրով իրար դուք հավանել.—
Պատմել քեզ իր որպիսությունն, այս է նա ինձ հրամայել»։

486 Նամակ տվեց, ես նայեցի՝ լուսատուիցն էր աշխարհի.
Գրել էր նա. «Շուքդ տեսա՝ նման փայլին ջինջ գոհարի,
Վարում էիր ձիդ սրընթաց, շքեղ՝ դարձած պատերազմից,
Չեմ ափսոսում, որ քեզ համար՝ լալիս էի քո կարոտից։

487 Թեպետ աստված լեզու տվեց՝ քեզ գովելու՝ ինքս բաժան,
Գերված թեկուզ՝ չեմ գովելու—մեռնեմ անգամ թե անարժան,
Շենացնում է արևն արդար՝ վարդ ու սաթե բաշն առյուծին,
Թող արևդ լինի վկա՝ ես չեմ վայել մեկ ուրիշին։