Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/90

Այս էջը հաստատված է

ՏԱՐԻԵԼԻ ՆԱՄԱԿՆ ԻՐ ՍԻՐԵՑՅԱԼԻՆ

496 Ես գրեցի. «Ով արեգակ, շուքը շքեղ քո շառավղած
Դիպավ սրտիս, եղավ ի չիք՝ ժիր-քաջություն իմ ունեցած,
Ի՛նձ՝ քեզ համար խելահարի՛ս գեղ ու նազա՛նքդ հափշտակեց.
Սակայն տված հոգուդ փոխան ի՞նչ կարող եմ զոհել ես քեզ։

497 Դու ապավեն եղար ինձ մեկ, հոգուս դու հո՛ւյս եղար փրկման,
Այսօր նորեն ժամը իմ այս՝ այն ժամին է հար ու նման.
Ապարանջա՛նդ ես ստացա, այժմ ահա թևիս է նա,
Ինչի՞ համար ուրիշ ցնծամ՝ ի՜նչ ցնծության մեջ եմ հիմա։

498 Ի՛նքս պիտի քեզ կանխեի—խավունն ահա քո ցանկացած,
Եվ բաճկոնակն այս նրա հետ, նման որի ես չեմ տեսած,
Ինձ մի թողնիր դու կիսամեռ, արի՛, բեր ինձ թեթևություն.
Քեզնից բացի մարդուց ուրիշ ես չեմ խնդրի կարեկցություն»։

499 Կինը մեկնեց, ու ես պառկել՝ քնել էի անուշ քնով.
Եվ վեր թռա՝ երազիս մեջ՝ յարիս տեսա իմ երազով,
Ես արթնացա, բայց նա չկար ու ցավեցի, որ ես դեռ կամ.
Գիշերն արթուն լուսացրի — չկար նրա շշուկն անգամ։