Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/107

Այս էջը հաստատված է

զանազան տիպերի մակաճած կազմավորությունները ձևաբանություն ունեցող լեզուներն են, որոնցում ջոկվում են կցական և թեքական ձևերի կազմավորումները։ Բայց, չխոսելով այն մասին, որ անջատական կամ սինթետիկ լեզուներում ևս մենք նկատում մեկ տիպ,— ձևաբանություն ունեցող լեզուները նույնպես բնավ էլ չեն սահմանափակվում կցական և թեքական տիպերի բաժանումով. մենք արդեն տեսանք, թե ինչպես լեզուների կրավորումը լինում է պարզ կամ անմիջական և բարդ կամ դերանվանական։ Սակայն, վտանգավոր բան է պարզությունն ընդունել իբրև սկզբնայնություն, ինչպես և բարդությունն իբրև հետնագույն բարդացում։ Լեզուների հատուկ սիստեմ, կամ, ինչպես առաջ էին անվանում, ռասայական ընտանիք կազմում են ոչ թե այս կամ այն հատկանիշն առանձին վերցրած, այլ մի շարք երևույթների միագումարը, որի մասին հատուկ կերպով կխոսենք առանձին §-ում, սակայն այժմ ես կանգ կառնեմ մի երևույթի վրա, որ, թվում է թե, անբաժանելի է կցականությունից։

Այսպես օրինակ, կցական սիստեմին հատուկ է ներդաշնակումը, ձայնավորների համաձայնեցումը, այն է՝ յուրաքանչյուր տվյալ բառի բոլոր ձայնավորները մեկ շարքի բերելը՝ փափուկ կամ կոշտ, և փափուկ ձայնավորների հարակցումը փափուկ բաղաձայններին և կոշտ ձայնավորներինը՝ կոշտ բաղաձայններին։ Սակայն, այս երևույթը բնավ էլ ընդհանուր չէ մինչև իսկ կցական լեզուների շրջանում։ Այս երևույթի բացակայությունը բնավ չի ստիպում համապատասխան լեզուն ջնջելու կցական լեզուների շրջանից։ Եվ չի կարելի ասել, թե հնչյունների ներդաշնակման հետք էլ չի եղել այլ սիստեմների լեզուներում։

Սեմական լեզուների սիստեմին հատուկ է ձևակազմությունը նախածանցների օգնությամբ, բայց սրանից չի կարելի եզրակացություն անել, թե ամեն մի լեզու, որն ունի նախածանցային կազմավորում, պատկանում է սեմական սիստեմին, որովհետև հարցն այս կերպ մեկնաբանելու դեպքում դուրս կգար, որ լեզուների սեմական սիստեմի շրջանից են ամենաբազմազան սիստեմների լեզուներ, ինչպես օրինակ՝ վրացերենը, տիբեթերենը և մալայերենը։

Նախածանցային կազմավորության մատնանշված ընդհանուր ձևաբանական գծի տեսակետից առնչվող այս երեք լեզուներից մալայերենը և տիբեթերենը դրսևորում են ռեալ ազգակցության