Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/257

Այս էջը հաստատված է

հասնող հասարակ ձևական-համեմատական մեթոդից։ Ունիվերսալ Արիստոտելը մտածում էր հասկանալ մարդու բնավորությունը մարդկային դեմքը (Züge) կենդանիների գլուխների հետ միանգամայն կամայականորեն համեմատելու ճանապարհով։

Ձեռնալեզուն այս պարագայում հանդիսանում է ոմանց համար հետաքրքրազբաղ կուրիոզ, ուրիշ, ավելի հարցասեր գլուխների համար՝ ընդհանուր խոսակցության և անպատասխանատու ասույթների նյութ նախնական մտածողության վերաբերմամբ, ոմանց համար՝ լրացուցիչ փաստարկում այն բանի, որ «գաղութային» ժողովուրդների այդ հետամնաց ներկայացուցիչները իրոք նույնացվելի են կենդանիներին: Դրան համապատասխան էլ ձեռնալեզվի ամենաթանկագին նյութը քիչ է հավաքվում, ավելի ճիշտը՝ մասնագետների կողմից բոլորովին չի հավաքվում և լեզվի գիտության մեջ այնպես է արհամարհվում իբրև շինանյութ, ինչպես ստորին բնակչության կենդանի լեզուները, ինչպես ճնշվող փոքր և ոչ փոքր ժողովուրդների լեզուները հենց Եվրոպայում։ Ձեռնալեզուն արհամարհվում է ևս առավել:

Բնական է՝ լեզվի հին գիտության համար ձեռնալեզուն բնավ էլ գոյության չունի: Այնինչ ձեռնալեզուն և ձեռնամտածողությունը լեզվաստեղծական (գլոտոգոնիական) և հատկապես մտաստեղծական (լոգոգոնիական) պրոցեսում վիթխարի դեր են խաղացել։ Ձեռնալեզվի բազմահազարամյա գոյության ժամանակամիջոցում մտածողության մեջ պատահել են վիթխարի տեղաշարժներ, նրա շնորհիվ է ձևավորվել մտածողությունը։ Ձեռնալեզվի քանակական և որակական աճման նույն այդ ժամանակամիջոցում մարդկությունը ստադիալ զարգացման մի քանի աստիճան է անցել։ Աղաղակող է գործի իսկական դրությունից այնպիսի հեռացումը, բայց և միանգամայն բնական բուրժուական գիտության համար, երբ նրանց համար գաղութային հանդիսացող ժողովուրդների մոտ ձեռնալեզու և ձեռնամտածողություն գտնելու իրողությունն ինքնին դիտվում է որպես ապացույց համապատասխան կոլեկտիվների զարգացման նախնադարյան աստիճանի վրա գտնվելու կամ որպես պատահական մի կցուկ, որը տեղ-տեղ ավելի ուշ ժամանակում, առաջացել է հնչական լեզվին կցվող լրացուցիչ, հետևաբար պատմականորեն գոյով չպայմանավորված ժեստերից։ Մինչդեռ ձեռնալեզուն ինքնին հանդիսանում է համաշխարհային տարածում