Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/62

Այս էջը հաստատված է

լեզվի առանձին բառերը բացատրել այդ լեզվի ազգակցությամբ սեմիթական լեզուների հետ։ Այդ հասկանալի է, եթե նկատի ունենանք, որ Բրոսսեն՝ իմ միակ նախորդը որպես կովկասագետ մասնագետ Գիտությունների Ակադեմիայի կազմի մեջ, իսկապես պատմաբան էր, ամենից քիչ՝ լեզվաբան։

Զգալիորեն ավելի ուշ, այն էպոխայում, երբ վերածնվեց թե՛ գիտական, թե՛ հասարակական հետաքրքրությունը դեպի Բրիտանական կայսրության գաղութային տիրակալություններին պատկանող երկրները, կամ դեպի նրանց ուղիները, մասնավորապես դեպի Միջերկրածովքը տանող ծովային ելքերը, Անգլիայում աշխատող լեզվաբան Մաքս Մյուլլերը՝ սանսկրիտի մասնագետ և բանասեր, Կովկասի մեկուսացված թվացող լեզուները, այդ թվում առաջին հերթին վրացերենը, տաճկերենի և ֆիննական լեզուների, առհասարակ ուրալա-ալթայական լեզուների հետ մեկտեղ վերագրում էր ձևականորեն որոշվող մեկ՝ ագլուտինատիվ ընտանիքի, որը լեզվագիտության մեջ կնքված էր «թուրանական» տերմինով։ Թուրանական տեսությունը երկար ժամանակ շարունակեց գոյություն ունենալ գիտնականների գլխում, նրա ազդեցությամբ դրանցից ոմանք, որոնք զբաղվում էին Միջագետքի, Կովկասի այն ժամանակվա գիտության համար հանելուկային սեպագիր մեռյալ լեզուներով՝ էլամերենով (շումերենով), նոր էլամերենով և խալդերենով, ձգտում էին այդ լեզուները բացատրել վրացերենի օգնությամբ. այսպես էին Լենորմանը (Lenormant), Սեյսը (Sayce), Հոմելը (Hommel) և ուրիշներ, որոնք բոլորն էլ որևէ չափով կամ տարրականորեն բավարար չափով չգիտեին վրացերեն լեզուն, միակ համեմատաբար ավելի լավ, համենայն դեպս առավել ուսումնասիրված հաբեթական լեզուն։

Լենինգրադի, այն ժամանակ Պետերբուրգի, համալսարանի պրոֆեսոր, մասնագետ-վրացագետ Ա. Ա. Ցագարելին 1872 թվին հրամցնելով իբրև սեփական կարծիքը, տպագիր կերպով ռուսերեն լեզվով կրկնում էր մի կարծիք, որ 8 տարի նրանից առաջ, 1864 թվին, բառացի նույն արտահայտություններով, հայտնել էր Վիեննայի լեզվաբան Ֆրիդրիխ Մյուլլերը և որն հետևյալն էր. «Վրացերեն լեզուն (ինչպես նաև բոլոր կովկասյան լեզուները) ծագումային կապ չունեն հնդևրոպական լեզուների հետ, բայց այն չի կարող դասվել և ուրալա-ալթայան լեզուների շարքը: Նա Եվրոպայի բասկերենի պես, ամենայն հավանականությամբ