Կերչի Հնագիտական կոնֆերենցիայում, իմ իրավացի լինելու վերաբերմամբ կատարելապես համոզված լինելով, ես հարկադրված էի՝ վանդալի անուն վաստակելու ռիսկ անելով, բացագանչել. «Կորչի Միլոսյան Վեներան, կեցցե արոտն ու արոտի կուլտուրան»: Քանի որ մարդկության կուլտուրական նվաճումների ուսումնասիրության մատերիալիստական դրվածքը միայն կարող է գիտականորեն բացատրել, լինի դա այնպիսի բացառիկ նշանակություն ունեցող գեղարվեստական հուշարձան, ինչպես նմանապես մարդկության ստեղծած հնչական լեզուն, աշխատավոր մարդկության կոլեկտիվ ստեղծագործական աշխատանքի արդյունքը, նստվածքը դեռևս հիմա էլ լիակատար ընթացքի մեջ գտնվող միասնական համաշխարհային լեզվաստեղծական պրոցեսի, որ համընթաց է գնում տնտեսա-սոցիալական շինարարությանը արտադասակարգային միջազգայնացման ուղին ելավ։
Իսկ ինչպես է վերաբերվում գիտական աշխարհը նոր թեորիային: Եթե բացառենք իմ աշակերտների և մեր փոքրաթիվ մերձավորագույն հետևորդների նեղ, չափազանց նեղ շրջանը, գիտական աշխարհը լավագույն դեպքում ոչ մի վերաբերմունք ցույց չի տալիս, շարունակելով հանգստանալ 19-րդ դարի առաջին կեսին ձեռք բերված նվաճումների նինջի մեջ: Ցանկանո՞մ եք ապացույց ռուս գիտական գրականությունից։ Բավական է մեկ պնդում Լենինգրադի համալսարանում ընդհանուր լեզվագիտության դասընթացի վերաբերյալ հիմա էլ հանձնարարվող մի դասագրքից, որ լույս է տեսնում արդեն վեցերորդ ու հաջորդ հրատարակությամբ և պատկանում է իր մասնագիտության մեջ միանգամայն անվիճելի վաստակ ունեցած, աչքի ընկնող, հեղինակավոր հնդեվրոպական լեզվագետի. «Կովկասում զանազան ցեղերը միմյանց հետ խոսում են այնպիոի լեզուներով, որոնք ըստ երևույթին մասամբ ազգակից են իրար, ինչպես՝ հարավային կովկասյան լեզուները՝ վրացերենը, մեգրելերենը, սվաներենը, մասամբ էլ ազգակից չեն ոչ միմյանց ոչ էլ այլ լեզուների, ինչպես հյուսիսային կովկասյան լեզուները՝ չերքեզերենը, չեչեներենը, լեզգերենը և ուրիշները։ Այս բոլոր լեզուները գիտության մեջ կոչվում են «կովկասյան»[1]:
- ↑ Н. Н. Ушаков, Краткое введемие в науку о языке (6-րդ հրատ. ռուս. Պետհրատի, 1923 թ., էջ 110):