Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/100

Այս էջը հաստատված է

միջազգային հանրության կողմից, մեծ նշանակություն ունեն Եվրախորհրդի կողմից ընդունված ակտերը, որի անդամն է նաև Հայաստանը։ Դա ամենից առաջ իրավունքների և հիմնական ազատությունների պաշպանության մասին Եվրոպական կոնվենցիան է, որը լրացվել N 11 արձանագրություններով։ Զարգացնելով մարդու իրավունքների Համընդհանուր Հռչակագիրը, N1 արձանագրության համաձայն չի կարելի ոչ մեկին մերժել կամ զրկել կրթություն ստանալու իրավունքից։ Դրա հետ մեկտեղ հատուկ ընդգծվում է, որ կրթության ոլորտում պետության մասնակցությունը չպետք է խախտի ծնողների իրավունքը երեխաներին կրթությամբ ապահովելու և կրթությունը համապատասխանեցնելու իրենց կրոնական և բարոյական սկզբունքներին։

Եվրոպական կոնվենցիան ներդրել է մի շարք էական նորույթներ միջազգային իրավունքում։ Այն ոչ միայն ամրապնդել է մարդու իրավունքները, այլև սահմանել է դրանց պաշտպանման մեխանիզմները։ Եվրախորհրդին կից ստեղծվել է Մարդու իրավունքների եվրոպական խորհուրդը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ եվրոպական երկրներում մարդու իրավունքների վիճակի արտաքին հսկողության գործունեության կազմակերպման համար։ Մարդու իրավունքների դատարանը, որի շնորհիվ հնարավոր է ներդնել հասարակական հարաբերությունների իրավական-նորմատիվ կարգավորման միասնականություն, իրականացվում է Եվրամիության անդամ-պետությունների կողմից, ապահովելով բոլորի կողմից ընդունված նորմերի ու սկզբունքների ռեալ գործունեությունը, որն ամրագրված է մարդու իրավունքների և հիմնական ազատությունների մասին Կոնվենցիայում։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից քննարկվել են մի շարք գործեր կրթության գործընթացի վերաբերյալ, այդ թվում Բելգիայում լեզուների կիրառման օրենսդրության օրինականության, Դանիայի պետական տարրական դպրոցներում դասավանդվող սեքսուալ կրթության, Շոտլանդիայի դպրոցներում մարմնական պատիժների կիրառման, Հունաստանի Ազգային տոնի շքահանդեսին կրոնական նկատառումներով չմասնակցելու համար դպրոցից հեռացնելու հարցերով։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները համարվում են պարտադիր և վերջնական այն պետությունների համար, որտեղ թույլ են տրվել մարդու իրավունքների պաշտպանության Կոնվենցիայի խախտումներ։ Դատարանի վճռի կատարման հսկողությունն իրականացնում է Եվրախորհրդի Նախարարների կոմիտեն։

Կրթության հարցերով Եվրոպական կոնվենցիայի նորմերը զարգացրած և կոնկրետացված են մի շարք հատուկ ակտերում։ Դրանց մեջ հատուկ նշանակություն ունի մշակույթի հարցերով Եվրոպական կոնվենցիան, Համարժեքության կոնվենցիան, Եվրոպայի Խորհրդի անդամ-պետությունների Նախարարների կոմիտեի բարձրագույն կրթության հասանելիության հիմնախնդիրների մասին Երաշխավորություն R N(98) 3-ը (1998թ) և որակավորման Կոնվենցիան, որը վերաբերում է բարձրագույն կրթությանը Եվրոպական տարածաշրջանում (1997թ)։

Ուրիշ պետություններում սովորել ցանկացող ուսանողների իրավունքները, ինչպես նաև այլ երկիր ստաժավորում անցնելու, կամ սահմանափակ ժամանակով արտասահմանյան կրթական կամ գիտական հաստատություններ աշխատելու ցանկություն հայտնած բուհերի դասախոսների, գիտահետազոտական ինստիտուտների ասպիրանտների, դոկտորանտների իրավունքներն ամրագրված են Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների Նախարարների Կոմիտեի արտասահմանյան ուսանողների իրավիճակի մասին N R(84) 13 Երաշխավորությամբ, Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների Նախարարների կոմիտեի ակադեմիական անձնակազմի շարժունության N R(95) Երաշխավորությամբ, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների Նախարարների կոմիտեի հետազոտողների շարժունության ապահովման N R(90) 15 Երաշխավորությամբ:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի (ԵԽՆԿ) թվարկած փաստաթղթերում նշված են հարցերի լուծման մանրակրկիտ լուծումներ, որոնք կապված են ոչ միայն ուսումնական գործընթացի, գիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու կամ արտերկրում աշխատելու կամ ուսման նպատակի իրագործման, այլև արտերկրյա այդ ուղևորությունները ֆինանսավորելու, վիզաների ձևակերպման, արտերկյա ստացած գիտելիքների որակավորման հետ և այլն։