Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/105

Այս էջը հաստատված է

հիմնական ուղիները։

Առաջին, իրավունքի ձևերի բարելավման ընթացքում պետք է ամբողջությամբ հաշվի առնել Հայաստանի իրավաբանական սովորույթները, նախկին իրավական համակարգից վերցնել լավագույնը։

Երկրորդ, հասունացել է իրավունքի հիմնական ձևերի մասին հատուկ օրենքի նախապատրաստման և հրապարակման պահանջը։ Այդ ակտով պետք է ընգծել, որ իրավունքի ձևերը միայն նորմատիվ-իրավական ակտերին հանգեցնելը արդարացված չէ։ Ցանկալի է, որ օրենքի մեջ պետության վերաբերմունքը նախադեպային, սովորութային և պայմանագրային իրավունքի հանդեպ արտահայտվի առավելագույնս պարզ։

Երրորդ, օգտակար է դրանում նորմատիվորեն ամրագրել պետության կարգավորիչ համակարգի «հիմքը»՝ իրավունքի գլխավոր ձևը։ Այսպես, Վ.Մ. Բարանովը կարծում է, որ իրավական պետության մեջ որպես իրավունքի գլխավոր ձև պետք է ճանաչվի ոչ թե նորմատիվ-իրավական ակտն ընդհանրապես, այլ միայն դրանցից մեկը՝ Սահմանադրությունը։ Ընդ որում, Բարանովի ասածից բխում է, որ պետության Սահմանադրությունը չի կարող սահմանափակվել միայն իրավական ակտերի «ցեմենտավորմամբ»։ Սահմանադրությանը հակասող բոլոր իրավական ակտերը և ՀՀ գործող իրավունքի մյուս ձևերը չպետք է իրավաբանական ուժ ունենան։

Չորրորդ, Ինչպես նշեցինք, ներկայումս հաշվվում է կրթական հարցերի շուրջ միջազգային իրավունքների աղբյուրների մի քանի հարյուրյակ, որոնք ընդունվել են Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի և նրա մասնագիտական բաժինների կողմից՝ ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի հարցերով (UNESCO), Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ, ILO), ԱՊՀ անդամ երկրների, եվրոպական կառույցների կողմից։

Կրթական հարցերով հանրաճանաչ նորմերը պարունակվում են ՄԱԿ-ի այնպիսի փաստաթղթերում, ինչպիսին է ՄԱԿ-ի կանոնադրությունը, մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը /դեկլարացիան/, սոցիալական, տնտեսական և մշակութային իրավունքների միջազգային պայմանագիրը, Երեխայի իրավունքների մասին հռչակագիրը և այլն։ 20-րդ դարի երկրորդ կեսից ընդունված թվարկված ակտերով կրթական համակարգի վերաբերյալ նորմերի և սկզբունքների ամրագրումը ամբողջականորեն արտացոլել և նպաստել է կրթության զարգացմանը, ինչպես նաև անհատի իրական ազատության, նրա ակտիվ ստեղծագործական գործունեությանը, իսկ դրանց իրացումն առաջ է բերել երկրագնդի բնակչության անգրագետների /անկիրթների/ թվի կրճատում։

Հետևաբար, անհրաժեշտ է նախ իրականացնել կրթության ոլորտի հայաստանյան իրավունքի աղբյուրների փորձաքննություն՝ պարզելու համար թե դրանք որքանով են համահունչ միջազգային իրավունքի աղբյուրներին։ Այնուհետև, միջազգային իրավունքի այն թելադրանքները, որոնք իրենց մեջ պարունակում են ֆինանսական միջոցներ, նպատակային երկարաժամկետ ծրագրեր իրականացնելիս դրանք հաշվի առնել՝ նշելով իրականացման ժամկետները։

Հինգերորդ, կրթության ոլորտի բոլոր սուբյեկտներին հասու դարձնել միջազգային կրթական իրավունքի աղբյուրները՝ դրանք իրացնելու նպատակով։