էլ կրթական նպատակներն ուղղակի կամ անուղղակի ձևով ազդում են պայմանագրերի (ճարտարապետական նախագծի առանձնահատկությունները, հանձնման ժամկետերը, կրթական գործունեության անվտանգության բարձրացված պահանջները կատարելը և այլն) այս կամ այն տարրերի (պայմանների) վրա։
Այսպիսով, կրթաիրավական նորմի հատուկ մասում արտացոլվում են ոչ միայն զուտ կրթական իրավահարաբերությունները, այլև այն նպատակները և խնդիրները, որոնք հետամուտ են լինում և լուծվում կրթական հարաբերությունների իրավական կարգավորման մեջ «մասնակցություն ունեցող» իրավունքի կոնկրետ բնագավառի կողմից։ Նման տեսանկյունից, հատուկ մասը մի կողմից կրթա-իրավական նորմի շարժուն մասն է, քանի որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում խոսքը միշտ իրավունքի կոնկրետ բնագավառի նորմի գործողության մասին է։ Մյուս կողմից, դրանց մի մասը կատարում են նաև տեխնոլոգիական գործառույթներ, ինչը բնորոշ է նյութական և դատավարական բնագավառային նորմերին։
Այսպիսով, կրթական իրավունքում թեև կրթաիրավական նորմերը գերակշռում են, սակայն բոլորը չէ, որ զուտ կրթաիրավական են, նրանց մի մասն ինքնուրույն նորմ չէ, այլ՝ մի յուրատեսակ բացառիկ համալիր նորմատիվ երևույթ, որը, մի կողմից օժտված է իրավունքի նորմի բոլոր հատկանիշներով, և մյուս կողմից, ուղղված է կրթության համակարգի ընդհանուր և հատուկ տարրերի կարգավորմանը։
Ինչպես կարելի է տեսնել, կրթաիրավական նորմի մասին նման պատկերացումը կրում է առավելապես տեսական բնույթ։ Գործնական տեսանկյունից էլ կրթական իրավունքի նորմ ասելով նպատակահարմար է հասկանալ կրթական իրավունքի իրավական նորմը, որն ուղղակի կամ այսպես թե այնպես ուղղված է կրթական համակարգի որոշակի տարրերի կարգավորմանը։ Այս իմաստով, օրինակ, աշխատանքային իրավունքի նորմը, կարգավորելով մանկավարժական աշխատողի աշխատանքի ընդունելու հարցերը, միաժամանակ նաև կրթական իրավունքի նորմ է, քանի որ աշխատանքի ընդունվելու պայմանները թելադրվում է կրթության մասին օրենքներով։ Տվյալ դեպքում, այդպիսի նորմի առանձնահատկությունն այն է, որ աշխատանքային իրավունքի այդպիսի նորմի կառուցվածքային տարրերի բովանդակությունը պետք է առավելագույն չափով արտացոլի մանկավարժ աշխատողի աշխատանքի առանձնահատկությունները, որն օրենսդրորեն ոչ միշտ է հնարավոր լինում անել։
«Իրավագիտություն» դասընթացում արդեն ներկայացվել է իրավական նորմերի դասակարգումը։ Նորմերի խմբերի առանձնացման հիմնական չափանիշներն են՝ իրավունքի որոշակի բնագավառին պատկանելը, նորմի իրավաբանական ուժը, իրավական հրահանգների և հանձնարարականների բովանդակությունը և բնույթը, իրավունքի գործառույթները, գործողության ժամկետը և այլն։ Կրթաիրավական նորմի տեսանկյունից, բոլոր այս չափանիշներն էլ մնում են ուժի մեջ։ Դրա հետ միասին հարկավոր է հաշվի առնել այլ չափանիշներ ևս։
Հիմնական յուրահատուկ չափանիշը կրթության համակարգի տարրերն են, ըստ որոնց էլ առանձնացնում են նորմերը, որոնք կարգավորում են՝
ա. պետության կրթական քաղաքականությունը,
բ. կրթական հարաբերությունների սուբյեկտների իրավական կարգավիճակը,
գ. կրթական իրավաստեղծ սուբյեկտների իրավասությունը,
դ. կրթական գործունեության սուբյեկտների միջև կառավարչական հարաբերությունները,
ե. կրթական իրավահարաբերությունների սուբյեկտների իրավական պատասխանատվությունը և այլն։
Մյուս չափանիշն էլ կրթական իրավունքի այս կամ այն համափր ինստիտուտին նորմի պատկանելն է։ Դրան համապատասխան, առանձնացնում են նորմերը, որոնք կարգավորում են՝
ա. սովորողների (սաների) սոցիալական պաշտպանությունը,
բ. կրթության աշխատողների սոցիալական պաշտպանությունը,
գ. կրթության ոլորտում ֆինանսական, հարկային, այլ հարաբերությունները և այլն։
Ավելի մասնավոր չափանիշներ են՝
ա. կրթության մակարդակը,