Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/111

Այս էջը հաստատված է

Նախ, ցանկացած օրենսդրական փոփոխության կարիքը, որպեսզի նպատակ դառնա, պետք է բխի իրավական և օրենսդրական դաշտի իրավիճակի փորձաքննական վերլուծությունից: Դրանք պարունակում են բազմաբնույթ հիմնավորումներ փոփոխություններ կատարելու նպատակահարմարության մասին:

Դրանից հետո, կրթության ոլորտի իրավաստեղծ աշխատանքների ծրագրերում նշվում են այն նորմատիվ իրավական ակտերի նախնական անվանումներն ու տեսակները, որոնք ենթակա են փոփոխման, ապա նշվում են դրանց մշակման համար պատասխանատու մարմինները անգամ՝ անձինք, և այդ ակտերի մշակման ժամկետները:

Իրավաստեղծ աշխատանքների ծրագրերի հաստատումը չի բացառում դրանցում չնշված նորմատիվ իրավական այլ ակտերի մշակում և ընդունում, որոնք կարող են ի հայտ գալ այդ գործընթացի ժամանակ:

Իրավաստեղծ աշխատանքների նպատակ-ծրագրերը հաստատում է կրթության և գիտության նախարարությունը կամ ենթակա ստորաբաժանումը: ՀՀ կառավարությունը հաստատում է նաև օրենսդրական նախաձեռնության կարգով իր կողմից ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվելիք ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից ներկայացված ՀՀ կրթության մասին օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի նախապատրաստման ծրագրերը:

Իրավական ակտի նախագիծը մշակող ՀՀ կրթության և գիտության նախարարությունը /կամ նրա ստորաբաժանումը՝ մարզային կամ տեղական ինքնակառավարման մարմինը, պետական կամ համայնքային հիմնարկը կամ իրավաբանական անձը, այդ մարմնի աշխատակիցների ու մասնագետների թվից կարող է ստեղծել նախագծի մշակման հանձնաժողով: Նախագծի մշակման աշխատանքները կատարելու համար կարող են ներգրավվել նաև գիտական կազմակերպությունների /ամբիոնների/, շահագրգիռ մարմինների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ, մասնագետներ:

Կրթության մասին օրենքների՝ կա՛մ ծավալով, կա՛մ կարևորությամբ նշանակալից նորմատիվ իրավական այլ ակտերի նախագծի մշակման աշխատանքների սկզբում նախագիծը մշակող մարմինը պետք է պատրաստի դրա հայեցակարգ-հիմնավորումը, որը փաստորեն նպատակի շարադրում է: Հայեցակարգում տրվում են կարգավորման ենթակա հարաբերությունների բնութագիրը և ապագա իրավական ակտի նպատակը, խնդիրները, շարադրվում են հիմնական դրույթները, վերլուծվում նախագծվող նորմերի կիրարկման ենթադրվող հետևանքները, կարող է ներկայացվել իրավական ակտի նախնական կառուցվածքը:

Իրավաստեղծ մարմինը կարող է նորմատիվ իրավական ակտի նախագծի մշակումը հանձնարարել իրավաբանական կամ ֆիզիկական անձանց:

Իրավաստեղծ մարմինն իրավասու է այլընտրանքային նախագծերի նախապատրաստումը հանձնարարել մի քանի իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կամ հիմնարկի: Իրավաստեղծ մարմինն իրավասու է նաև հայտարարել լավագույն նախագծի մրցույթ:

Իրավաբանական և ֆիզիկական անձինք իրենց նախաձեռնությամբ իրավունք ունեն մշակել և համապատասխան իրավաստեղծ մարմիններին ներկայացնել նորմատիվ իրավական ակտերի նախագծեր:

Իրավաբանական և ֆիզիկական անձանց մշակած օրենքների ու ՀՀ Ազգային ժողովի որոշումների նախագծերը, ՀՀ Սահմանադրության համաձայն, ներկայացվում են օրենսդրական նախաձեռնության իրավունք ունեցող անձանց կամ մարմինների:

Իրավաբանական և ֆիզիկական անձանց նախաձեռնությամբ մշակված նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակողներն իրավունք ունեն մասնակցել նախագծերի քննարկումներին:

ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված իրավական ակտի նախագծի հեղինակները կարող են մասնակցել համապատասխան նախագծերի քննարկմանը ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգով սահմանված կարգով:

Իրավական ակտերի նախագծերի առաջին էջի ամենավերևի աջ անկյունում պետք է գրվի «ՆԱԽԱԳԻԾ» բառը: