Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/113

Այս էջը հաստատված է

Նորմատիվ իրավական ակտի նախագիծն իրավաստեղծ մարմին քննարկման ներկայացնելիս նախագիծ մշակող մարմինը դրան կցում է՝

1) իրավական ակտի ընդունման հիմնավորումը, ներառյալ այն իրավական ակտերի, ինչպես նաև նախագիծ մշակող մարմնի հայեցողությամբ՝ նյութերի վերաբերյալ տեղեկատվությունը, որոնց հիման վրա կամ որոնցից օգտվելով՝ մշակվել է նորմատիվ իրավական ակտի նախագիծը, նախագիծը մշակողների անունները.

2) տեղեկանք օրենքի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության, ինչպես նաև այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության կամ բացակայության մասին.

3) տեղեկանք՝ իրավական ակտն ընդունելու կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման նվազեցման մասին.

4) պետական մարմինների մշակած իրավական ակտի նախագծի դեպքում՝ նախագիծը մշակող մարմնի իրավաբանական ստորաբաժանման (իրավաբանի) իրավական-փորձագիտական եզրակացությունը.

5) նախատեսված դեպքում՝ ազդեցության գնահատողներից ստացված եզրակացությունները.

6) ամփոփաթերթ՝ նախագծի վերաբերյալ ստացված դիտողությունների և առաջարկությունների, դրանց ընդունման կամ չընդունման վերաբերյալ՝ չընդունման պատճառների հիմնավորմամբ, ընդ որում՝ ամփոփաթերթում ներառվում են հանրային քննարկումների հետևանքով ստացված այն դիտողությունները և առաջարկությունները, որոնք ընդունվել են:

Նորմատիվ իրավական ակտի նախագիծն իրավաստեղծ մարմին ներկայացվելիս նախագծին կարող են կցվել նաև իրավական ակտի մշակման համար հիմք դարձած ֆինանսատնտեսական հաշվարկները, վիճակագրական տվյալները, այլ փաստաթղթեր, ինչպես նաև ներկայացվող նախագծի հիմնավորման համար անհրաժեշտ այլ տվյալներ։


Գլուխ 4.3. Նպատակադրված իրավաստեղծ արդյունքների դիտարկումը, մշտադիտարկումը և գնահատումը, վերլուծությունը, կանխատեսումը և առաջարկությունների ներկայացումը

1. Դիտարկումը. Դիտարկումը հետազոտական գործընթաց է, որի ընթացքում ղիտարկողը պետք է պարզի, թե դրված նպատակի և խնդիրների հաստատված միջոցառումներն ինչպես են իրագործվում: Դրա համար նա առաջին հերթին ծանոթանում է իրավական դաշտին և օրենսդրությանը, բաղդատելով դրանք ՀՀ Սահմանադրության, կրթության քաղաքականության հետ: Փորձագետը կարող է դիմել նաև տեղեկատվության այնպիսի աղբյուրների, ինչպիսիք են` պաշտոնական տեղեկագրերը /ներկայացված փաստաթղթերը/, կրթության սուբյեկտների և պաշտոնատար անձանց հետ հարցազրույցները, կրթական միջավայրից ստացված տեղեկատվությունը, անգամ անմիջական դիտարկումը՝ ուսումնական հաստատություն ինչպես նաև տվյալ հարցի, լուծման մեջ շահագրգիռ այլ կազմակերպություն այցելելը և խնդրահարույց իրավիճակի վերաբերյալ եղած տեղեկատվությանը ծանոթանալը:

Դիտարկմանը զուգահեռ կարևոր է մշտադիտարկումը /մոնիտորինգը/: Այն հիմնականում կարևոր է ծրագրավորված և իրական ցուցանիշների միջև համեմատություն անցկացնելու նպատակով: Դրա համար բոլոր նպատակային ցուցանիշների համար պետք է սահմանվի մշտադիտարկման իրականացման պարբերականություն, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ: Պետք է սահմանվեն նաև նպատակային ցուցանիշների՝ իրականությունից շեղման սահմանները, որոնց գերազանցելու դեպքում պետք է սկսի գործել արդյունքների միջանկյալ գնահատման մեխանիզմը, որը կբացահայտի ցուցանիշների շեղման պատճառները, հնարավորություն կտա վերլուծելու շեղումները, առանց նպատակի փոփոխման դրանք վերացնելու հնարավորությունները։