Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/13

Այս էջը հաստատված է

ԱՌԱՋԱԲԱՆ

Իրավագիտության մեջ կան հնաբնակ իրավունքի ճյուղեր, որոնք դարեր շարունակ կիրառվելով՝ հղկվել և դարձել են դասական։

Իրավագիտության մեջ տեղի ունեցող վերջին հիսուն տարիների գործընթացների հպանցիկ դիտարկումն իսկ ապացուցում է, որ իրավունքի շատ ճյուղեր տրոհվում են՝ առաջացնելով իրավունքի նոր ճյուղեր։

Հայաստանյան իրականության մեջ «Կրթական իրավունք» եզրույթն անսովոր հնչողություն ունի։ Այն հայաստանյան օրենսդրությամբ դեռևս ամրագրված չէ և այն երբևէ չի առանձնացվել որպես իրավունքի առանձին ճյուղ։ Թեև «Կրթական իրավունք» հասկացությունը շատերին անծանոթ է, այնուամենայնիվ, այս կամ այն տարիքում գրեթե բոլորը շփվել ու շփվում են կրթական ոլորտի հետ, հետևաբար և պատկերացումներ ունեն այդ ոլորտի իրավական կարգավորման և կրթական օրենսդրության որոշ դրույթների մասին։

ՀՀ Սահմանադրության ընդունումից հետո կամաց-կամաց մեծանում է կրթական ոլորտի հանդեպ պետության առաջնահերթ հետաքրքրությունների շրջանակը, սակայն կրթական իրավունքը Հայաստանում դեռևս չի ճանաչվում որպես ինքնուրույն իրավունքի ճյուղ և գիտություն, քննարկված և շարադրված չեն ուսումնական առարկան, դասընթացի ծրագիրը, դասավանդման պետական կրթական չափորոշիչները, չկա հայալեզու գրականություն։

Չնայած համաշխարհային իրավագիտական համայնքում արդեն մեկուկես տասնամյակ գիտական բանավեճեր են գնում «Կրթական իրավունքը» որպես իրավունքի առանձին ճյուղ ճանաչելու շուրջ, սակայն դեռևս լրիվ համաձայնություն չի կայացել։ Հետևաբար, մեր նախաձեռնությունը զրոյական վիճակից չի սկսվում։

Խորհրդային ժամանակներում, որպես այս եզրույթին համարժեք, օգտագործվում էր «կրթական ոլորտի օրենսդրություն» բառակապակցությունը։ Իմիջիայլոց, իրավաբանական մտքի ներկայիս դիրքորոշմամբ «իրավունք» և «օրենք» հասկացությունները նույնական չեն։ Օրենքը կարող է մոտենալ կամ հեռանալ իրավունքից, անգամ հակասել դրան, այսինքն՝ իրավական չլինել։

Ի տարբերություն օրենքի, իրավունքն օրենսդրի կամքը չէ, այլ մարդկանց միջև ծագող և ամրագրվող հասարակության զարգացման արդյունքի ձևակերպում։

Այնպես, ինչպես ցանկացած իրավունքի ճյուղ, կրթական իրավունքը ևս կարող է դիտարկվել երկու գիտաբանական՝ փիլիսոփայական և բուն գիտական, իրավաբանական մակարդակներում։ Դրանց տարբերությունն այն է, որ գիտությունն իրավունքը դիտարկում է այնպես, ինչպիսին որ կա, իսկ փիլիսոփայությունը՝ այնպիսին, ինչպիսին պետք է լինի իրավունքի հասկացության իմաստը։

Ինչպես ցույց է տալիս հայեցակարգային էվոլյուցիան, իրավունքի փիլիսոփայական իմաստը միանշանակ հանգել է այն բանին, որ ըստ Հեգելի բնորոշման, իրավունքը «ազատության որոշակի չափ է և աստիճան»։

Կրթական համակարգում իրավունքի և նրա ինստիտուտների անցած ճանապարհի նման ձևով մեկնաբանումը, համոզիչ կերպով ցույց է տալիս, թե ինչպես կրթական գործընթացի սուբյեկտների վարչա–իշխանական փոխհարաբերություններից անցում է կատարվում դեպի այդ սուբյեկտների ինքնավարության, ակադեմիական ազատության ու անկախության ճանաչում։ Հետևաբար, փիփսոփա-իրավական իմաստով Հայաստանում իրականացվող կրթական բարեփոխումները մեծ հաշվով նշանակում են կամաց-կամաց ձերբազատվել պետության և գաղափարախոսության անշարժ համարվող կառչունության կետից։ Այդ ազատության շնորհիվ կատարվում են բովանդակային և կառուցվածքային փոփոխություններ, ինչի արդյունքում արդեն գոյություն ունի ոչ պետական կրթական ոլորտ։

Կրթական իրավունքը կարող է դիտարկվել որպես իրավունքի առանձին և օրենսդրության հարաբերականորեն առանձին ճյուղ։ Բանն այն է, որ իրավունքն ամբողջովին չհամընկնելով և