Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/135

Այս էջը հաստատված է

Ինչպես ցանկացած, այնպես էլ կրթական իրավահարաբերություններին բնորոշող հատկանիշների առանձնահատկություններն են՝

  • դրանք առաջանում և զարգանում են միայն գործող իրավական նորմերի հիմքով։
  • Իրավահարաբերությունը միշտ անհատականացված կապ է։

Իրավահարաբերության մասնակիցները որոշված են անուն առ անուն, այնպես, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի ունի իր անունը (ազգանունը, հայրանունը, բնակության վայրը), իսկ կազմակերպությունները՝ իրենց անվանումը և հասցեն, գրանցումը։ Պարզ իրավահարաբերություններ գոյություն ունեն կոնկրետ անհատների միջև, որոնք կարող են չանհատականացվել։

Իրավահարաբերությունների մասնակիցները կարող են հանդես գալ մեկը մյուսի՝ ուսանող-դասախոսի, դասախոս-ուսումնական հաստատության, ուսանող-ուսումնական հաստատության սոցիալական դերերում։ Գոյություն ունեն իրավահարաբերություններ, որոնցում կոնկրետ որոշված է միայն իրավասություն կրողը։

Այսպիսով, դասախոսի մատուցած դասախոսության /կամ իր մենագրության/ հեղինակային իրավունքից բխող իրավահարաբերություններում անհատականապես որոշված է միայն այս իրավունքի կրողը, այն դեպքում, երբ որպես պարտավորություն կրող հանդես են գալիս սովորողները կամ նրա յուրաքանչյուր անդամը։ Որևէ սովորող չի կարող փոխադրվել կրթության ավելի բարձր աստիճանի, եթե չի կատարել ուսումնական պլաններով նախատեսված հանձնարարությունները կամ հանձնել քննությունները։ Իրավահարաբերություններում մասնակիցների միջև կոնկրետ կապն արտահայտվում է սուբյեկտիվ իրավունքների և իրավաբանական պարտավորությունների միջոցով։ Սի կողմը հանդիսանում է իրավասու և ունի որևէ իրավունք, իսկ մյուս կողմը պարտավոր է ապահովել այդ իրավունքի իրականացումը։

Կրթական իրավահարաբերությունների մեծ մասն ունի երկկողմանի բնույթ։ Իրավահարաբերության յուրաքանչյուր մասնակից հանդես է գալիս միաժամանակ և՛ իրավասու, և՛ թե որպես պարտավորված կողմ։ Մասնակիցներից մեկն իրավունք ունի պարտավորված կողմի գործողության այնքանով, ինչքանով ինքը պարտավոր է կատարել որոշակի գործողություններ՝ հօգուտ մյուս կողմի։ Այսպիսով, բուհական համակարգում ուսանողը կրթական ծառայության մատուցման պայմանագրով, սահմանված ժամկետում վճարման պարտավորությունն ստանձնելուց և գումարը մուծելուց հետո, ուսումնական հաստատությանը պարտավորեցնում է սահմանված չափորոշիչներին համապատասխան կազմակերպել կրթական ծառայության մատուցումը իրեն։

Իրավահարաբերություններն իրենցից ներկայացնում են կամային կապ։ Դա նշանակում է, որ իրավունքով կարգավորվող հարաբերություններն անքակտելիորեն կախված են մարդու կամքից։ Իրավահարաբերությունները դառնում են հնարավոր՝ իր բոլոր մասնակիցների կամ գոնե կողմերից մեկի կամովի ցանկության արդյունքում։ Քաղաքացիական, ընտանեկան և այլ անհատական իրավահարաբերություններում մասնակիցները հանդես են գալիս որպես իրավահավասար սուբյեկտներ, անպայման պահանջում բոլոր մասնակիցների համաձայնությունը։ Միայն որոշակի գործողություններ կատարելու միասնական կամքի ազատ դրսևորումն է կապում նրանց մեկ իրավահարաբերություններում։ Կոնկրետ բուհական կրթական իրավահարաբերություններում, մինչև պարտավորության ընդունումը, քաղաքացին կամ անհատը կարող են ընտրել վարվելու ցանկացած կերպ, այդ թվում նաև՝ հրաժարվել կրթության իրավահարաբերության մասնակից լինելուց։ Սակայն, ցանկություն հայտնելով մասնակցել իրավահարաբերություններում որպես պարտավորված կողմ, այն դառնում է կապված տվյալ հնարավոր է սխալ լուծումով։

Ֆիզիկական և իրավաբանական անձինք գործող օրենքների ուժով պարտավորված են կատարել պետական մարմինների որոշումները և կարգադրությունները, անգամ կարող են և ներքուստ համաձայն չլինել դրանց հետ, սակայն դրանք կատարման ենթակա են /օրինակ՝ վճարովի համակարգում սովորելու համար կրթավճար մուծելը, կամ դրա չափի հետ չհամաձայնվելը, պարտադիր զինվորական ծառայության մեկնելը և այլն/։

Իրավաբանական գրականության մեջ գոյություն ունի մասնակիցների կամքից անկախ հարաբերությունների գոյության մասին կարծիք, օրինակ՝ պատահական վնաս պատճառելու դեպքերը։