Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/137

Այս էջը հաստատված է

պարտականության, ինչպես և չկա պարտականություն՝ առանց իրավունքի:

Երրորդ, իրավահարաբերություններն ունեն գիտակցական-կամային բնույթ: Ի տարբերություն տնտեսական հարաբերությունների, որոնք ծավալվում են օբյեկտիվորեն, չպայմանավորված առանձին անհատների կամքով, իրավահարաբերությունները միշտ կրում են անհատական-կամային բնույթ: Իրավահարաբերությունների գիտակցական-կամային բովանդակությունն ունի փոխկապակցված տեսանկյուններ: Մի կողմից, նրանք ծագում են իրավական նորմերի հիմքով, որոնք մարդկանց գիտակցական-կամային գործունեության արդյունք են (իրավաստեղծ մարմինների): Մյուս կողմից, իրավահարաբերության մասնակիցները իրացնում են իրավունքի նորմերով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները նույնպես իրենց կամային, գիտակցական գործողությունների միջոցով:

Չորրորդ, իրավահարաբերությունները երաշխավորվում են պետության կողմից և անհրաժեշտության դեպքում պաշտպանվում են նրա հարկադրանքի ուժով: Պետությունն ստեղծում է անհրաժեշտ տնտեսական, սոցիալական և այլ պայմաններ՝ իրավական նորմերի լիարժեք իրացման համար: Իսկ եթե խախտվել է իրավահարաբերության իրավազոր կամ պարտավոր ազատության չափը, ապա պետությունը կիրառում է դրանց ապահովման հարկադրանքի միջոցներ։


5.1.2. Կրթական հարաբերությունների ընդհանուր բովանդակությունը /բնութագիրը/, դասակարգումը և տեսակները

Իրավահարաբերության մասնակիցների վարքագիծը միշտ ունի հասարակական նշանակություն: Այն իրականացվում է հասարակության, պետության և անհատի բազմազան օրինական շահերը բավարարելու նպատակով: Սուբյեկտները մտնելով կրթական իրավահարաբերության մեջ բավարարում են որոշակի նյութական, հոգևոր և այլ պահանջմունքներ (օրինակ, մանկավարժի աշխատանքայի արդյունքում սովորողները ձեռք են բերում գիտելիքներ, կրթվում և դաստիարակվում են):

Ներկայումս կրթական հարաբերություններն առավել ինտենսիվորեն ուսումնասիրվում ենոչ միայն իրավագիտության, այլև՝ մանկավարժական և հոգեբանական սոցիոլոգիական գիտությունների կողմից: Դրանց ուշադրության կենտրոնում գտնվում են գիտելիքների, կարողությունների և հմտությունների փոխանցման և յուրացման խնդիրները: Իրավագիտության համար էական հետաքրքրություն ներկայացնելով այդ գիտությունների ուսումնասիրությունների արդյունքները և տեսակետները, սակայն, հասարակական, այդ թվում և կրթական հարաբերությունները իրավագիտությունը դիտարկում է այլ՝ հեռանկարային, առաջին հերթին իրավունքում ազատության չափի դրսևորման և ամրագրման տեսանկյունից:

Հենց դրանում է արտահայտվում իրավունքի էությունը, որը կոչված է ամրապնդելու վարքագծի կանոնները, չափանիշերը, որոնց հետևելով, մարդը՝ չխախտելով այլ անձանց հետաքրքրությունները, կարող է հաջողությամբ բավարարել իր պահանջմունքները և հետաքրքրությունները:

Ինչպես ցանկացած իրավունքում, այնպես էլ կրթականում, տվյալ նպատակին հասնում են նորմատիվ-իրավական ակտերի և որոշակի իրավունքների՝ այլ իրավունքի աղբյուրների և գործող սուբյեկտների ու քաղաքացիական հասարակության այլ անդամների պարտականությունների ամրագրման և դրանց ընդհանուր՝ պարտադիր նշանակություն տալու ճանապարհով:

Սոցիալապես կարևոր ցանկացած գործունեություն գոյության իրավունք ունի միայն մի կարևոր պայմանի առկայության դեպքում, այն չպետք է խախտի մարդու, այլ անձանց և ընդհանուր առմամբ, հասարակության իրավունքները: Օրինակ, ԽՍՀՄ-ում ստալինյան ռեժիմը բնութագրվում էր տնտեսության և մշակույթի ոլորտում էական նվաճումներով: Արդեն 20-րդ դարի 40-ական թվականներին ԽՍՀՄ-ը հետամնաց գյուղատնտեսական և անգրագիտության երկրից վերածվեց առաջատար արդյունաբերական գերտերության՝ գիտության, մշակույթի և կրթության բարձր մակարդակով, ընդունակ՝ ոչ միայն հաղթանակով ավարտել Հայրենական Մեծ պատերազմը,