Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/141

Այս էջը հաստատված է

մեթոդներով: Անգամ հնարավոր չէ նոր սերնդի հետ այդպես վարվել: Գործընկերային հարաբերությունները մանկավարժի և սովորողի միջև քանի գնան կխորանան՝ եթե համարժեք ձևով համագործակցեն խոհեմ ազատության և պատասխանատվության հետ:

Մանկավարժի որոշ ընդհանուր իրավունքներ բխում են նրա անձի կարգավիճակից, ով կոչված է կառավարել կրթական գործընթացները, որպեսզի ապահովի սովորողների ուսման և դաստիարակության գործում դրական արդյունքների հասնելը: Քանզի «ուսուցիչը փոխհարաբերությունների մեջ է մտնում սովորողների հետ ուսումնական գործընթացում, նրա համար, որպեսզի իրականացնի ուսումնական ծրագրով դրված խնդիրները: Այդ հարաբերությունների բնորոշ գիծն այն է, որ դրանք գիտակցաբար օգտագործվում են մանկավարժի կողմից՝ սովորողների ուսման, սեփական ընկերների, աշխատանքի նկատմամբ ակտիվ-դրական հարաբերություններ ձևավորելու նպատակով» (Վ. Ա. Սլաստենին, Ի. Ֆ. Իսաև և ուրիշներ, 70, էջ՝ 409):

Մանկավարժը, որպես կրթական գործընթացի անմիջական ղեկավար, պետք է ունենա իր ազատության չափը ամրապնդող այնպիսի իրավունքներ, որոնք թույլ կտան առանց արհեստական սահմանափակումների, անխոչընդոտ իրացնել սեփական կարգավիճակից բխող իրավասությունները մանկավարժական գործընթացում: Դա հատկապես կարևոր է նրանով, որ մանկավարժը կարողանա, մասնավորապես սեփական հայեցողությամբ, կիրառել ուսուցման մեթոդներ և մեթոդիկաներ, սովորողների ուսումնական ծրագրերի յուրացման մակարդակի վրա ընթացիկ վերահսկողություն իրականացնել, պարապմունքների ժամանակ կարգուկանոնի պահպանման և դաստիարակչական նպատակով վարքապահվածքը խախտողների նկատմամբ դաստիարակչական բնույթի պատժատեսակներ կիրառել, այլ հարցերում հաջողության հասնելու համար համարժեք միջոցներ ձեռնարկելու իրավունք ունենալ:

Միաժամանակ, մանկավարժի վրա դրված են նաև սովորողների որակյալ կրթության ապահովման, մասնագիտական վարպետության մակարդակի մշտական բարձրացման, մանկավարժական գործընթացում ուսուցման և դաստիարակության փոխանցվող տեխնոլոգիաների, միջոցների և հնարների օգտագործման պարտականություններ: Մանկավարժի կարգավիճակին համապատասխանեցված են սովորողների իրավունքներն ու պարտականությունները։ Սովորողները պարտավոր են յուրացնել ուսումնական ծրագրերը, բարեխղճորեն կատարել մանկավարժի հանձնարարությունները, հետևել ուսումնական կարգուկանոնին, ժամանակին անցնել ատեստավորում: Սովորողների իրավունքներն արտահայտվում են նրանց՝ որակյալ կրթություն ստանալու հավակնումների, մանկավարժական գործընթացին մասնակցության, դասախոսություններին և գործնական պարապմունքներին հաճախելու, գրադարաններից, էլեկտրրոնային տարատեսակ կայքերից և կրթության նպատակներով օգտագործվող ուսումնական հաստատության այլ հարստություններից օգտվելու մեջ:

Մանկավարժի և սովորողների ընդհանուր իրավունքներն ու պարտականությունները լրացվում և զարգանում են կոնկրետ իրավունքների և պարտականությունների համակարգի միջոցով որոնք ունեն պատմականորեն անընդհատ փոփոխվելու բնույթ:

Կրթական հարաբերությունների բովանդակության և համակարգի վրա էական ազդեցություն են ունենում կրթության ոլորտում հասարակության ու պետության դրած նպատակները, մանկավարժական գործընթացում կիրառվող մանկավարժական տեխնոլոգիաների, միջոցների և մեթոդների համակարգը, ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական հնարավորությունները, կրթական գործընթացի մասնակիցների ընդունված սոցիալական նորմերի ամբողջությունը և մի քանի այլ գործոններ:

Ինչպես ճշմարտացիորեն նշվում է մանկավարժական գրականության մեջ, «մանկավարժների և սովորողների հարաբերությունները պայմանավորված են հասարակության արտադրական, քաղաքական և բարոյական փոխհարաբերությունների համակարգով» (Վ. Ա. Սլաստենին, Ի. Ֆ. Իսաև և ուրիշներ, 71, էջ՝ 409): Սակայն այս գործոնների համակարգից անհրաժեշտ է բացառել կրթական իրավունքի նորմերը, քանի որ դրանց ընդունմամբ կրթական հարաբերությունները մեխանիկորեն անցնում են նոր որակի՝ կրթականից դառնում են իրավական, թեև սա, մեր կարծիքով, լրացուցիչ հիմնավորման կամ հերքման կարիք ունի: