Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/151

Այս էջը հաստատված է

պրոֆեսորադասախոսական կազմը, սովորողների քանակակազմը, դրա համար էլ թե՛ դասախոսը և թե սովորողը չունեն մեկը մյուսին ընտրելու իրավունք:

Մանկավարժը /դասախոսը/, սկսելով դասընթացը, ընդհանուր առմամբ, ծանոթ չէ դասարանի /լսարանի/ կազմին: Սովորողն ընդունվելով ուսումնական հաստատություն՝ հաճախ անձամբ չի ճանաչում իր ապագա մանկավարժներին /ուսուցիչներին, դասախոսներին/ և չի կարող ընտրել նրանց ուսուցման գործընթացում (բացառություն է միայն դպրոցը կամ ուսումնական հաստատությունը):

Այսպիսով՝ կրթական հարաբերությունն իրենից ներկայացնում է սովորողի, ուսումնական հաստատության, մանկավարժների, պրոֆեսորադասախոսական կազմի և այլ անձանց միջև առաջացող հարաբերություններ՝ սովորողի կողմից ձեռք բերվող ընդհանուր կամ մասնագիտական կրթության գործընթացում, որն էլ հաստատվում է համապատասխան կրթության կամ որակավորում ստանալու մասին հատուկ փաստաթղթով:

Իր օբյեկտով, մասնակիցների կազմով, անմիջական բովանդակությամբ, կրթական հարաբերությունն իրենից ներկայացնում է հասարակական հարաբերությունների ինքնուրույն տեսակ, որն էականորեն տարբերվում է տնտեսական, քաղաքական, ընտանեկան, կրոնական և այլ սոցիալական հարաբերություններից:

Ի տարբերություն տնտեսական հարաբերությունների՝ կրթական հարաբերությունները կապված չեն արտադրության կամ նյութական բարիքների բաշխման հետ: Չնայած ուսումնական հաստատություններն էլ այս կամ այն չափով հանդես են գափս նյութական բարիքների սպառողների դերում, բայց դրանց սպառումն իրականանում է սոցիալական ոլորտում, որն ավանդաբար դուրս է տնտեսական ոլորտի սահմաններից:

Կրթական հարաբերությունները ուղղակիորեն կապված չեն քաղաքական գործընթացների հետ: ՀՀ «Կրթության մասին» օրենքում ուղիղ կերպով չի արգելվում կրթական հաստատություններին և մանկավարժներին ստիպել սովորողներին հանդես գալ հասարակական, հասարակական-քաղաքական կազմակերպություններում, շարժումներում, կուսակցություններում, ինչպես նաև ստիպողաբար մասնակցել վերջիններիս գործունեությանը, քաղաքական ակցիաներին:

Ավելի սերտ կապվածություն նկատվում է կրթական և ընտանեկան հարաբերությունների միջև: Ծնողները և սովորողների այլ օրինական ներկայացուցիչները, ինչպես վերևում նշեցինք, ուսուցման սկզբնական փուլում ճանաչվում են անգամ որպես կրթական հարաբերությունների սուբյեկտ, երբ նրանց երեխաները դեռ ընդունակ չեն գիտակցել իրենց գործողությունների սոցիալական նշանակությունը: Սակայն ընտանիքն իրավահավասար կերպով ճանաչվում է որպես քաղաքացիական հասարակության ինքնուրույն օղակ և այղ ոլորտում առաջացող հարաբերությունները դուրս են գալիս ծնողների՝ իրենց երեխաների կրթական հարաբերություններին անմիջական մասնակցության շրջանակներից:

Այսպիսով, կրթական հարաբերությունները՝ որպես հարաբերությունների ինքնուրույն տեսակ, գործում են պետության և քաղաքացիական հասարակության հատուկ ոլորտում՝ հասարակության առկա գիտելիքները և մշակույթն աճող սերնդին փոխանցելու նպատակով և միայն կրթական ոլորտի հաստատությունների սուբյեկտներին՝ սովորողներին, մանկավարժական աշխատողներին են բնութագրական նման հարաբերությունները:

Կրթական հարաբերությունները պահանջում են սովորողի և մանկավարժի անմիջական մասնակցություն ուսուցման գործընթացին, որը տևական է և բազմատեսանկյուն: Քանի որ ժամանակակից պայմաններում կրթությունը պետության և հասարակության գործունեության առաջնահերթ ճանաչված ոլորտ է, ապա պետությունը կրթական հարաբերությունների իրավանորմատիվային կարգավորողը լինելով՝ մարդու և քաղաքացու որակյալ ընդհանուր և մասնագիտական կրթություն ստանալու իրավունքի ապահովման երաշխավորն է:

Կրթական հարաբերությունները, իրավունքի նորմերով կարգավորումից հետո, անցնում են նոր վիճակի՝ ձեռք բերելով իրավակրթական հարաբերությունների մակարդակ:

Իրավահարաբերությունները դասակարգվում են տարբեր հիմունքներով: Առավել հաճախ նրանք տարբերվում են իրավունքի ճյուղերով կամ ներճյուղային իրավահարաբերություններով: