Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/154

Այս էջը հաստատված է

Դատավարական իրավահարաբերության բովանդակությունը սուբյեկտների դատավարական գործունեություններն են՝ կրթության վերաբերյալ վեճերը քննելու և քաղաքացու /մանկավարժի/ կրթության խախտված իրավունքը վերականգնելու մասին որոշում կայացնելու կամ, եթե իրավախախտումներ չկան, այն մերժելու համար:

Իրավասու ուսումնական հաստատության կայացրած որոշման հետ համաձայն չլինելու դեպքում, քաղաքացին վեճը լուծելու նպատակով իրավունք ունի դիմել վերադաս մարմին կամ դատարան:

Կրթաիրավական նորմերը գործում են միայն տվյալ ոլորտի իրավահարաբերություններում։ Կրթական ոլորտի բոլոր իրավահարաբերությունները կրթական իրավունքի սուբյեկտների իրավաբանական կոնկրետ կապերի համակարգ են:

Քաղաքացիների կրթությունը /ուսումնառությունը/ կատարվում է ուսումնական հաստատությունների հետ նրանց համապատասխան իրավահարաբերությունների մեջ մտնելով (իրավաբանական կապեր): Նրանք տվյալ իրավահարաբերությունների սուբյեկտներն են: Անգամ բացառություն չէ հոգևոր կրթությունը:

Կրթական իրավահարաբերությունները հանրակրթության բնագավառում մեծամասամբ ունեն պահանջկոտ-ապահովական բնույթ, երբ մեկ սուբյեկտը՝ քաղաքացին, իրավասու է պահանջել, որ իրեն տրամադրվի իրեն հասանելիք հանրակրթության տեսակը, իսկ մյուս սուբյեկտը՝ ուսումնական հաստատությունը, պարտավոր է այն տրամադրել: Թեև այս իրավահարաբերությունները երկկողմանի են, և երկու սուբյեկտներն էլ նրանց մեջ ունեն իրավունքներ և պարտավորություններ, սակայն կրթության իրավունքը քաղաքացունն է, իսկ այն տրամադրելու պարտականությունը՝ ուսումնական հաստատությանը:

«Կրթական իրավահարաբերություններ» հասկացությունը գիտական վերացարկում է, քանր որ իրական կյանքում այդ հարաբերությունները միշտ հանդես են գալիս իրենց կոնկրետ տեսակի մեջ:

Իսկ ինչպե՞ս պետք է դասակարգել կրթական բոլոր իրավահարաբերությունները, և այդ հարաբերությունների ինչպիսի՞ տեսակներ կան:

Կրթական իրավահարաբերությունների բոլոր տեսակները կարելի է դասակարգել նաև ըստ հետևյալ խմբերի՝

- ըստ իրավահարաբերության բնույթի՝ սահմանված իրավահարաբերության նպատակներով (կրթատեսակի տրամադրման կամ կրթաթոշակի նշանակման համար),

- ըստ կրթական աստիճանների տեսակի (նախադպրոցական հանրակրթական, բուհական կրթատեսակներ և այլն, որոնք տարատեսակ իրավահարաբերություններ են ձևավորում տրամադրելով տարատեսակ բարիք/օբյեկտ/,

- ըստ իրավահարաբերությունների ժամկետների (անժամկետ, ժամկետային /մինչև մի որոշակի ժամկետ/ և միանվագ):

Կարելի է դրանք դասակարգել նաև ըստ կրթության ապահովության ձևի.

ա) պետական կրթական ապահովություն,

բ) խառը կրթական ֆինանսական ապահովություն՝ պետական, տեղական ինքնակառավարման բյուջեներից, այդ թվում՝ բարեգործական միջոցներից,

գ) կամավոր կրթական ապահովագրության լրացուցիչ տեսակներ (լրացուցիչ վարկեր, կրթաթոշակներ, կրթական նպաստներ):

Կրթական իրավահարաբերությունների և իրավունքի նորմերի հարաբերակցությունը միանգամայն ուղիղ է, քանի որ ոչ մի իրավահարաբերություն, այդ թվում և դատավարականը, չի կարող գործել առանց կրթական իրավունքի նորմերի կիրառման: Կրթական բոլոր նորմերը գոյատևում և գործում են միայն տվյալ կրթական իրավահարաբերություններում: Եվ առանց կրթական իրավունքի նորմերի այդ իրավահարաբերությունները չեն ծագի: Այդպիսին է նրանց ուղիղ կապը:

Կրթական իրավունքի նորմերը կրթական սուբյեկտների վարքի հաստատուն չափանիշներ են, քանի որ հենց նրանք են սահմանում սուբյեկտների իրավունքները և պարտականությունները,