Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/156

Այս էջը հաստատված է

5.1.3. Կրթական իրավահարաբերության կառուցվածքը

Ինչպես յուրաքանչյուր օրգանապես լիարժեք կազմավորում, իրավահարաբերությունը ևս ունի իր խիստ որոշակի կառուցվածքը, այսինքն՝ իր բաղադրիչը կազմող փոխկապակցված տարրերի ամբողջականությունը: Սակայն գրականության մեջ իրավահարաբերության մասին գոյություն չունի տվյալ երևույթի տարրերի միատեսակ ըմբռնում: Հաճախ իրավահարաբերությունների կառուցվածքի մեջ ներառում են չորս տարրեր՝

1. սուբյեկտ,

2. օբյեկտ,

3. սուբյեկտիվ իրավունք և

4. իրավաբանական պարտականություն: Սակայն առկա է նաև այլ տեսակետ, որի համաձայն իրավահարաբերությունների կառուցվածքի մեջ օբյեկտի փոխարեն մտնում են իրավահարաբերությունների սուբյեկտների գործողությունները, որոնք ընկալվում են որպես նրա նյութական բովանդակություն: Իրավահարաբերությունների բովանդակությունը, որպես իրավունքի աբստրակտ նորմերից դեպի իրական կյանք փոխադրման միջոց, ձև՝ արտահայտվում է նրա գործունեության մեջ որպես իրավական կարգավորման մեխանիզմի հատուկ բաղկացուցիչ, իրավահարաբերությունը կատարում է երեք գործառնություն:

Առաջին հերթին, կոնկրետացնում է այն մարդկանց շրջանակը, ում վրա իրավունքի համապատասխան նորմի հիման վրա տարածում է իր գործողությունները /իրավահարաբերության մեջ մասնակցում են ոչ թե աբստրակտ քաղաքացի կամ կազմակերպություն, այլ որոշակի անվանում ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք/:

Երկրորդ հերթին, իրավահարաբերությունն աբստրակտ իրավունքներն ու պարտականությունները փոխանցում է կոնկրետ անձանց իրավունքների և պարտականությունների միջավայր: Միաժամանակ, թույլատրվում է դրանց կոնկրետացումը, լրացումը՝ հաշվի առնելով իրականացվող իրավահարաբերությունների կոնկրետ պատմական պայմանները:

Երրորդ հերթին, իրավահարաբերությունը ստեղծում է կոնկրետ իրավիճակներ պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ ձևով կատարման դեպքում՝ ի կատար ածելու պետական հարկադրանքի միջոցներ:

Իրավահարաբերության կատարած գործառնություններին համապատասխան՝ ձևավորվում է նրա կառուցվածքը: Իրավահարաբերության բոլոր բաղկացուցիչ մասերն ուղղված են ամբողջի գործառնությունների իրականացմանը և ենթարկվում են դրանց յուրահատկությանը: Դրա հետ մեկտեղ յուրաքանչյուր առանձին բաղկացուցիչ կատարում է առանձին, միայն իրեն հատուկ գործառնություններ: Բաղկացուցիչներից որևէ մեկի բացակայության դեպքում անհնար է իրավահարաբերության գոյությունը:

Իրավահարաբերության կառուցվածքն ուսումնասիրելով տեսական այս դիրքերից, կարելի է նշել, որ սրա տարրի բոլոր հատկանիշներով օժտված են, առաջին հերթին, իրավահարաբերության սուբյեկտները (մասնակիցները)՝ սովորողները, մանկավարժները /պրոֆեսորադասախոսական կազմը/, կրթական հաստատությունը կամ նրա կառույցները:

Իրար հետ իրավահարաբերությունների մեջ մտնող ֆիզիկական և իրավաբանական անձանց ակտիվ գործողություններից զատ իրավական կապեր գոյություն չունեն: Միևնույն ժամանակ, որպես ամբողջական կառույց, իրավահարաբերությունն իբրև իր բաղկացուցիչների՝ քաղաքացիներին և այլ անձանց առաջադրում է որոշակի պահանջներ:

Քննարկենք կրթական իրավահարաբերությունների բաղադրիչներն առանձին-առանձին: