Գլուխ 5.2. Կրթական իրավահարաբերությունների սուբյեկտները և տեսակները
5.2.1. Կրթական իրավահարաբերությունների սուբյեկտների հասկացությունը
Կրթական իրավահարաբերությունների սուբյեկտներն առանձին անհատներ /ֆիզիկական անձինք/ և կազմակերպություններ են /իրավաբանական անձինք/, որոնք իրավունքի նորմերին համապատասխան կրում են սուբյեկտիվ իրավաբանական իրավունքներ ու պարտականություններ:
Կրթական իրավահարաբերությունների սուբյեկտներն այս կամ այն նորմատիվ-իրավական ակտի հիման վրա միմյանց հետ իրավական կապի մեջ մտած կրթական գործընթացի մասնակիցներն են:
Սակայն իրավահարաբերության մասնակից դառնալու համար անհրաժեշտ է, որ սուբյեկտն օժտված լինի իրավունակությամբ ե գործունակությամբ:
Իրավունքի նորմի աբստրակտ բնույթը, որում իրական կյանքը իջեցված է մինչև իրավական համընդհանուր պահանջների մակարդակի, առաջացնում է իրավահարաբերության սուբյեկտի աբստրակտ ընկալում: Մարդու ունեցած հատկանիշների, որակների բազմազանությունից հաշվի են առնվում միայն երկուսը՝ իրավունակությունը, այսինքն՝ գործող օրենսդրությամբ որպես սուբյեկտի իրավունքների ճանաչումը և գործունակությունը՝ իր գործողություններով իրավունքների ձեռքբերման և պարտականությունների կատարման առանձնահատկությունը:
Իրավունակությունը մարդու բնածին, բնական առանձնահատկությունը չէ, այլ՝ օբյեկտիվ իրավունքի պտուղ: Այն առաջանում է մարդուն՝ որպես իրավունքի և իրավահարաբերության սուբյեկտ ճանաչելու անհաժեշտության հետ: Ստրկատիրական ժամանակաշրջանի իրավական համակարգերը մերժում էին հանրության որոշակի մասին լինել իրավունքի լիարժեք սուբյեկտ կամ ընդհանրապես ունենալ որևէ իրավունք: Հայտնի են նաև տարբեր երկրների իրավական համակարգեր, որոնք էականորեն սահմանափակում են մարդու իրավունքներն ու ազատությունները, օրինակ՝ կանայք իրավունք չունեին կրթություն ստանալ, զրկված էին զբաղմունքի ոլորտն ազատ ընտրելու իրավունքներից:
Իրավունակությունը սկսվում է անհատի ծննդյան պահից և դադարում մահվամբ: Նրանում կենտրոնացվում են այն իրավաբանական իրավունքներն ու պարտականությունները, որոնցով կարող է օժտվել սուբյեկտը, սակայն դա դեռ չի նշանակում, որ նա իրոք օժտված է դրանցով: Իրավահարաբերության իրական մասնակիցը դառնալու համար իրավական սուբյեկտը պետք է լինի գործունակ:
Քաղաքացիների և այլ անձանց գործունեության տեսակները, որոնք կապված են կոնկրետ իրավահարաբերությունների ծագման, փոփոխության կամ դադարեցման հետ, չեն կարող գոյություն ունենալ առանց կոնկրետ իրավահարաբերության մեջ մտնելու և սեփական գործողություններով իրավունքներ և պարտավորություններ ձեռք բերելու կարողության: Իրավագիտության մեջ այդ հասկացությունն անվանվում է «գործունակություն»:
Գործունակությունը օբյեկտիվ իրավունքի նորմերով ճանաչված սուբյեկտի ունակությունն է ինքնուրույն, իր գիտակցված գործողություններով իրականացնելու իրավունքներ ու կրելու իրավաբանական պարտականություններ:
Իրավունքի ճյուղերի մեծամասնությունում իրավունակությունը և գործունակությունը սուբյեկտում առկա են միաժամանակ: Ըստ աշխատանքային իրավունքի, աշխատողը կարող է իրականացնել