Խորհրդային իրավագետները կրթության իրավահարաբերությունները ընդունում էին որպես վարչական իրավունքի բաղադրիչ, սակայն դեռևս այդ ժամանակներից էլ ակնհայտ էր, որ ժողովրդական կրթության /լուսավորության/ շատ հարաբերություններ իրենց առանձնահատուկ բնույթի պատճառով վարչական իրավունքի, այսինքն՝ պետության կառավարման շրջանակից դուրս էին։ Օրինակ՝ սովորող-մանկավարժ ուսումնական գործընթացի կազմակերպումը, կրթական հաստատությունների կամ մանկավարժական կադրերի կրթական գործունեությունը։
Երբ սկսվեց «ԽՍՀՄ օրենքների հավաքածու» ստեղծելու գործընթացը, կրթությանը վերաբերող նորմատիվ իրավական ակտերը առանձնացվեցին որպես մի ընդհանուր զանգված։ Ինչ վերաբերում է «ԽՍՀՄ օրենքների հավաքածուին»՝ կրթության վերաբերյալ նորմատիվ իրավական ակտերը, որպես առանձին գլուխ, ծավալուն տեղ գտան սոցիալ-մշակութային զարգացման ու սոցիալ-տնտեսական իրավունքների բաժնում։
Իսկ երբ ընդունվեց արդեն անկախացած Հայաստանի «Կրթության մասին» ՀՀ օրենքը /1999թ./ և պետական ուսումնական հաստատությունների հետ մեկտեղ իրավաբանորեն «հանդուրժվեց» ոչ պետական հաստատությունների առկայությունը ու ներդրվեց վճարովի ուսուցման համակարգը, այդ ժամանակվանից կարող ենք համարել, որ իսկապես կրթական իրավունքն օբյեկտիվորեն և իրավական առումով անջատվել է վարչական իրավունքից, և կարիք-կա վերջնականապես այն որպես առանձին իրավունքի ճյուղ առանձնացնելու։
Առաջիններից մեկը, ով կրթության մասին օրենսդրությունը ընդունեց որպես «Ռուսաստանի իրավական համակարգի ինքնուրույն ճյուղ», Վ. Ի. Շկատուլլան էր։ Սակայն նրա աշխատության մեջ էլ այն հիմնարար հիմնավորում չստացավ։ Շկատուլլան փաստորեն կրթական իրավունքը համարեց աշխատանքային, մանկավարժական, ֆինանսական, սոցիալական ապահովության և այլ իրավունքի ճյուղերի համալիր։(1, էջ՝ 47) Փաստորեն նա չառանձնացրեց կամ չգտավ առանձնահատուկ այն իրավական կարգավորման բոլոր մեթոդները կամ փաստարկները, որոնք իրեն հնարավորություն կտային հիմնավորապես առանձնացնելու ու կրթական իրավունքը որպես իրավունքի առանձին ճյուղ դիտարկելու իսկական հիմքեր գտնել։
Յու. Ա. Տիխոմիրովը պաշտպանելով որպես օրենսդրության առանձին ճյուղի կրթական օրենսդրության ձևավորման և զարգացման գաղափարը, այն հիմնավորեց մի փոքր այլ կերպ։ Նրա կարծիքով այդ նոր օրենսդրության ճյուղում իրավական կարգավորման սեփական առարկայի և մեթոդների հետ միասին դարսվում են վարչական իրավունքի, աշխատանքայինի և քաղաքացիականի նորմերը (2, էջ՝ 644)։
Այսպիսով, հարց է առաջանում, թե ինչպես պետք է ձևակերպել կրթական իրավունքը՝ որպես իրավունքի առանձին ճյու՞ղ, թե՞ օրենսդրության ճյուղ։ Այսինքն՝ հարցն ունի ոչ միայն ճանաչողական նշանակություն, այլև՝ դրական որոշում կայացնելուց են կախված գործնական հիմնախնդիրների լուծումների հետագա մշակումները, ինչպես նաև օրինաստեղծ գործունեության հետագա ռազմավարություններն ընտրելը, որպեսզի կրթության մասին նորմատիվ իրավական ակտերի ամբողջական զանգվածը դասդասվի ՀՀ կրթության մասին օրենսգրքում։ Ուրեմն, կրթական հարաբերությունների կարգավորման առավելագույնին հասնելու ձգտումը բերում է իրավական համակարգի մեջ նոր ճյուղի՝ կրթական իրավունքի ստեղծման պահանջի բավարարման։ Դրա ամրապնդման համար, մեր կարծիքով, անհրաժեշտ է.
1. Ցույց տալ, որ կրթության իրավունքի առարկայի հիմքը՝ ինքնուրույն հասարակական, կրթական հարաբերություններն են և իրենց բնույթով էապես տարբերվում են քաղաքացիական, վարչական և իրավունքի այլ ճյուղերից։
2. Բացահայտել կրթական իրավահարաբերությունների դերը, որպես կրթական իրավունքում ստեղծվող համալիր ինստիտուտների առանցք։
3. Հետազոտել կրթական իրավունքի համակարգաստեղծ տարրերը՝ առարկան, մեթոդը, սկզբունքները, աղբյուրները և եզրույթաբանական սեփական պահոցը։
4. Հետազոտել կրթության ոլորտի օրենսդրության համակարգման տեսական և գործնական հիմնախնդիրները։