մարմինների ներկայացուցիչների և այլ անձանց։
Հենց սուբյեկտիվ իրավունքների և իրավաբանական պարտականությունների համակարգը և միմյանց հետ զանազան համակցություններն են հանդիսանում իրավահարաբերության որոշակի սուբյեկտի իրավական կարգավիճակի միջուկը։ Ուսումնական ձեռնարկի հետագա գլուխներում կդիտարկվեն կրթության հիմնական սուբյեկտների, առավել բնորոշ՝
ա. սովորողների,
բ. մանկավարժական, պրոֆեսորադասախոսական կազմի աշխատողների,
գ. կրթական հաստատությունների իրավական կարգավիճակները։
Իրական կյանքում ոչ բոլոր անհատներն /օրինակ՝ մանկավարժները/ ու կազմակերպություններն /ուսումնական հաստատությունները/ են, որ կարող են լինել իրավահարաբերությունների սուբյեկտներ, ինչը բացատրվում է օբյեկտիվ՝ ֆիզիոլոգիական, հոգեբանական, տնտեսական գործոններով։
Մանկահասակ /մինչև 3 տարեկան երեխաները/, սահմանված կարգով հոգեկան հիվանդ ճանաչված մանկավարժները կամ պրոֆեսորադասախոսական աշխատողները, իրենց գոյությունը դադարեցրած կազմակերպությունները /լիցենզիայից զրկված ուսումնական հաստատությունները/ փաստորեն չեն կարող մասնակցել իրավահարաբերություններին, քանզի եթե չկա իրավունքի սուբյեկտը, ապա չկա նաև պարտավորություն կրող սուբյեկտ, չկա նաև հենց պարտականությունը՝ չի կարելի պարտավոր լինել որևէ մեկի նկատմամբ։
Իրավահարաբերության մասնակիցներն այն սուբյեկտներն են, որոնք գտնվում են օբյեկտիվ իրավունքի ոլորտում։ Մյուս անձինք, ովքեր ինչ-որ պատճառներով չեն ընդգրկվում իրավական կարգավորման ոլորտ, գտնվում են տարբեր բարեգործական հասարակական կազմակերպությունների և պետության խնամակալության ներքո։
Կրթական իրավունքի յուրահատկությունը, բացի նախկինում դիտարկված առանձնահատկություններից, կայանում է հենց նրանում, որ դրանում իրավունակության և գործունակության հարաբերակցության երկու տարբերակներն էլ գործում են (Վ.Մ. Սիրիխ)։ Ինչպես և քաղաքացիական իրավունքի մեջ, այնպես էլ՝ կրթության իրավահարաբերությունների ոլորտում միանգամայն հնարավոր են իրավիճակներ, երբ չափահասության տարիքի չհասած անգործունակ անձի իրավունակությունը (սովորողի, սանի), իրագործվում է այլ անձանց (ծնողների, օրինական ներկայացուցիչների) գործողություններով։ Օրինակ, անչափահաս երեխաների ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները մինչև իրենց երեխաների հիմնական ընդհանուր կրթություն ստանալը իրավունք ունեն ընդամենը ընտրելու երեխայի ուսման ձևը, կրթական հաստատությունը, որտեղ երեխան պետք է սովորի, պաշտպանելու նրա իրավունքները և շահերը, մասնակցելու կրթական հաստատության կառավարմանը և այլն։
Այսպիսով, իրավունքի սուբյեկտը՝ որպես իրավահարաբերության տարր, բնութագրվում է յուրահատուկ հատկանիշներով և ակտիվ դերակատարում ունի իրավահարաբերության առաջացման գործընթացում։ Սուբյեկտն է ծնում իրավահարաբերություն և որոշում նրա բովանդակությունը։ Այս գործողությունը սուբյեկտն անշահախնդրորեն չի կատարում, այլ կապված է իր նյութական կամ հոգևոր բարօրության որևէ հետաքրքրությունը բավարարելու դիտավորության հետ։
5.2.2. Սովորողները որպես կրթական իրավահարաբերության մասնակից և սուբյեկտ
Ինչպես նշել ենք, կրթական իրավահարաբերությունները հիմնականում եռակողմ իրավահարաբերություններ են, որոնց հիմնական մասնակիցներն են սովորողը, մանկավարժը /պրոֆեսորադասախոսական կազմի աշխատողները/ ուսումնական /կրթական/ հաստատությունը։ Միայն այս բոլոր սուբյեկտների անմիջական և միաժամանակ մասնակցության դեպքում է հնարավոր կրթական հարաբերության առաջացումն ու ծավալումը։
Առավել մանրամասն քննարկենք կրթաիրավական սուբյեկտներից հիմնական մասնակիցներից մեկի՝ սովորողների հետ ծագող իրավահարաբերությունները։ Հետևաբար, սովորողին որպես կրթաիրավական հարաբերությունների սուբյեկտ ճանաչելու առաջին նախապայմանը նրա