Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/165

Այս էջը հաստատված է

ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի՝ դիմումի և հաստատության ու ծնողի միջև կնքված պայմանագրի հիման վրա՝ այդ օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով։ Փաստորեն, անչափահաս երեխայի ծնողներին (օրինական ներկայացուցիչներին) վերապահված է ընդամենը ուսման ձևի ընտրությունը, կրթական հաստատությունը, երեխայի իրավունքներն ու օրինական շահերի ապահովումը, կրթական հաստատության ղեկավարմանը մասնակցելը։ Բայց բոլոր այս իրավունքները վերաբերում են ոչ թե կրթական հարաբերությունների ոլորտին, այլ դրանց ուղեկցող հարաբերություններին։ Երեխան, որպես կրթական հարաբերությունների անմիջական սուբյեկտ, կողմնորոշված է կրթական ծրագրերի համապատասխան մակարդակի յուրացմանը, այդպիսի դերում կարող է հանդես գալ միայն կրթվողը՝ անկախ նրանից, թե նա գործունակ է համարվում քաղաքացիական կամ մեկ այլ իրավունքի բնագավառներում թե ոչ։

Կրթվողը կրթական հարաբերություններում միշտ ուրույն է, իր անմիջական գործողություններով իրականացնում է իրեն տրամադրված իրավունքները ու կատարում է իրեն վերապահված պարտականությունները, այլ կերպ նա հնարավորություն չունի ստանալ կրթություն։

Երկրորդը՝ սովորողների պարտադիր մասնակցությունը կրթական գործընթացին ծնում է իրենց իրավական կարգավիճակի այնպիսի առանձնահատկություն, ինչպիսին է նրանց գործունակության գոյությունը։ Կրթական իրավունքը հիմք չունի անձին ճանաչել անգործունակ կամ սահմանափակ գործունակ։ Հայաստանում ապրող բոլոր բնակիչները՝ անկախ իրենց մտավոր և հոգեկան զարգացածության աստիճանից ու նաև առողջական վիճակից, իրավունք ունեն կրթություն ստանալ, ըստ իրենց անհրաժեշտ սոցիալական հարմարվողականության և հասարակության մեջ ինտեգրման։ Համաձայն «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 1-ի, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձի կրթության և ուսուցման կազմակերպման համար ներդրված են անհրաժեշտ հատուկ կրթական ծրագրեր և ուսուցման մեթոդներ, ուսուցման անհատական տեխնիկական միջոցներ, կենսագործունեության միջավայր, ինչպես նաև մանկավարժական, սոցիալական և այլ ծառայություններ՝ իրենց ուսումնառությունն ապահովելու համար։ Զարգացման հապաղում ունեցող կամ շեղումներով քաղաքացիների համար ստեղծում է պայմաններ կրթություն ստանալու համար, զարգացման և սոցիալական հարմարվողակա նությ ան շտկման խախտման դեպքում հատուկ մանկավարժական հնարքների հիման վրա։ Այդպիսի հնարքների հաջող ընդունման համար կրթության կառավարման մարմինները կրթության միջոցով ստեղծում են մասնագիտական (շտկողական) կրթական հաստատություններ կամ դասարաններ, առանձին խմբեր։

Երրորդ, կրթական իրավունքը չունի քաղաքացիների գործունակության սահմանափակման ինստիտուտ, համակարգ։ Վերջիններս ոչ մի դեպքում չեն զրկվում կրթության իրավունքից։ Ավելին, օրենքը թույլատրում է քաղաքացիներին անվերապահորեն ստանալ անվճար մասնագիտական կրթություն՝ անգամ որոշակի հիվանդություններով տառապելու դեպքում։

Թեև քրեական դատավարության օրենսգրքով, բացի ազատազրկման տեսքով նախատեսվող պատիժներից, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ վարորդական իրավունքից զրկում կա, բայց չկա կրթություն ստանալու արգելքի վերաբերյալ որևէ նորմ։ Ավելին, քրեակատարողական հիմնարկներում /ազատազրկման վայրերում/ հատուկ ստեղծվում են ընդհանուր և մասնագիտական կրթական հաստատություններ այն առումով, որ դատապարտյալները կարողանան ստանալ ընդհանուր կամ միջին մասնագիտական կրթություն, որպեսզի պատիժը կրելուց հետո կարողանան ինտեգրվել հասարակության մեջ և աշխատանք ստանալ։

Կա նաև չորրորդ, կրթվողների իրավական կարգավիճակի մի առանձնահատկություն ևս՝ բացի կրթության տարբեր աստիճանների օրենքներով սահմանվածներից, ուսումնական հաստատությունների ներքին կարգուկանոնի հարցերը կարգավորվում են ուսումնական հաստատության կանոնադրությամբ և ներքին կանոններով, որոնց դրույթները չկատարելը հանգեցնում է կարգապահական պատժամիջոցների կիրառման՝ ընդհուպ մինչև սովորողին ուսումնական հաստատությունից ուսումնական հաստատության ղեկավար մարմնի վտարելու մասին որոշման։